կարևոր
1492 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-02 16:15

Արտգործնախարարը Անթալիա մեկնելու որոշում դեռ չունի, բայց խնդիր չի տեսնում

Արտգործնախարարը Անթալիա մեկնելու որոշում դեռ չունի, բայց խնդիր չի տեսնում

Այսօր Երևանում կայացած Ավստրիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով լրագրողի հարցին, հայտնել է, որ դեռևս քննարկվում է Անթալիա մեկնելու հարցը:

«Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացի կոնտեքստում՝ այո, ես և պարոն Ռուբինյանը հրավեր ենք ստացել մասնակցելու Անթալիայի միջոցառմանը, և, ըստ էության, քիչ առաջ մենք միջոցառումը քննարկել ենք նաև պարոն Շալենբերգի հետ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այս մասով դեռևս որոշում չունի. հարցը քննարկվում է:

Ուղղակի ուզում եմ նշել, որ սա, ըստ էության, կարևոր է ընդգծել, որ երկկողմ այց չէ և երկկողմ համատեքստում պետք չէ դիտարկել, սա միջազգային դիվանագիտական իրադարձություն է, որին կարող է և Հայաստանի Հանրապետությունը որոշի մասնակցել. ես այդտեղ ոչ միայն խնդիր չեմ տեսնի, այլև, կարծում եմ, որ, նույնիսկ եթե այն շաղկապենք Հայաստան-Թուրքիա երկխոսության հետ, դրական երանգներ հաղորդելուց բացի այլ բան չունի»:

Հավելենք, որ դեռ հունվարի 27-ին Թուրքիայի արտգործնախարարը Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու հայ-թուրքական բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը կմասնակցեն մարտի 11-13-ը Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսին հայտարարել էր, թե հավանականությունը մեծ է, որ Հայաստանը կընդունի Անթալիայի ֆորումին մասնակցելու Թուրքիայի հրավերը։

Նշենք, որ Անթալիայի, այսպես կոչված, դիվանագիտական ֆորումը բացառապես թուրքական պրոեկտ է, որը հիմնադրվել է Էրդողանի կողմից։ Այդ ֆորումի առաջին հավաքը տեղի է ունեցել անցյալ տարի: Մասնակիցների ճնշող մեծամասնությունը թուրքալեզու պետությունների կազմակերպության պետությունների ներկայացուցիչներ էին և/կամ եվրոպական և ամերիկյան ինչ-որ ժամանակի դիվանագետներ, որոնք անթաքույց թուրքական լոբբիի ներկայացուցիչներ են։ Օրինակ, անցյալ տարվա Ֆորումին մասնակցել է տխրահռչակ Մեթյու Բրայզան, որը 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո զբաղված էր Թուրքիայի շահերի պաշտպանությամբ։ Ֆորումի մասնակիցների՝ թե՛ անցյալ տարվա, թե՛ այս տարվա ճնշող մեծամասնությունը մեծ բերկրանք է ապրել 44-օրյա պատերազմի արդյունքներով, պաշտոնական շնորհավորանքներ հղել Ալիևին։ Ֆորումը նախաձեռնել և ստեղծել է անձմաբ Էրդողանը։ Ֆորումն ամեն ինչ կարելի է անվանել, բայց ոչ՝ միջազգային. այն մաքուր պրոթուրքական և միջթուրքական ֆորում է: