20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Փետրվարի 2-ին գումարվել է Արցախի Հանրապետության ԱԺ 7-րդ գումարման 5–րդ նստաշրջանի առաջին նիստը։ Բացելով նստաշրջանը՝ խորհրդարանը հաստատել է նստաշրջանի և նիստի օրակարգերը։
Օրակարգի առաջին հարցը «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին» նախագծի քննարկումն էր, որը ներկայացրել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։
Փոփոխությամբ առաջարկվում է Սահմանադրությամբ նախատեսված վարչատարածքային բաժանման վերանայման գործընթացի ժամկետները երկարաձգել՝ 5 տարին դարձնելով 10 տարի։
ԱՀ Սահմանադրության հոդված 173. փոփոխվում է այսկերպ.
«Տարածքային քաղաքականության իրագործումը և վարչատարածքային բաժանման վերանայումը.
1. Մինչև վարչատարածքային բաժանման վերանայումը գործում է 2006 թվականի Սահմանադրության 104-րդ հոդվածը:
2. Վարչատարածքային բաժանման վերանայումը պետք է իրականացվի Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ ուշ, քան տասը տարում»:
Անձի համար այլևս Արցախում Սահմանադրություն չի գրվելու: Այս մասին ԱՀ Ազգային Ժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
«Գրվելու է ժողովրդի համար, դրա համար ժողովուրդն անպայման մասնակից է լինելու նոր Սահմանադրության փոփոխության քննարկումներին»,- նշել է Արթուր Թովմասյանը:
Նրա խոսքով՝ այստեղ միասնականությունը կարևոր չէ, կարևորը համերաշխ, հանդուժող լինելն է: «Կարևոր չէ՝ ինչ քաղաքական ուժեր են գալու պառլամենտ, կարևորն այն է, որ ստացած լինի ժողովրդի վստահության քվեն: Երկրի նախագահին ընտրելու է ժողովուրդը»,- նշել է ԱՀ ԱԺ նախագահը՝ կոչ անելով անպայման մասնակցել սահմանադրական փոփոխություններին:
Նախագիծը նախապես արժանացել էր գլխադասային հանձնաժողովի հավանությանը։ Այն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունելուց հետո, խորհրդարանը 30 կողմ ձայնով ընդունել է նախագծի վերաբերյալ Գերագույն դատարան դիմելու մասին որոշումը։ Արցախի Հանրապետության Գերագույն դատարանն իրականացնում է սահմանադրական արդարադատություն՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը: