18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
Ադրբեջանի Միլլի Մեջլիսը երեկվա լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ադրբեջանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը։ Հռչակագրի առանցքում պաշտպանության ոլորտի համագործակցությունն է, որի համաձայն՝ կողմերը պետք է օգնեն միմյանց երկու պետություններից որեւէ մեկի «անկախության կամ տարածքային ամբողջականության վրա երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ հարձակման դեպքում»: Դա նշանակում է, որ այսուհետ Թուրքիան արդեն պաշտոնապես է լինելու Ադրբեջանի գլխավոր դաշնակիցը, եւ ցանկացած հարձակում Ադրբեջանի վրա հավասարազոր է դառնում Թուրքիայի վրա հարձակման։
Հիշեցնենք, որ Շուշիի հռչակագիրը ստորագրվել էր 2021 թ. հունիսի 15-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում՝ Իլհամ Ալիեւի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։ Պատահական չէր ընտրված այցելության օրը. հունիսի 15-ը տոն է Ադրբեջանում, նշվում է «Ադրբեջանական ժողովրդի Ազգային Փրկության օրը»: 28 տարի առաջ այդ օրը Հեյդար Ալիեւը ընտրվեց Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ու հաստատեց միահեծան իշխանություն:
Շուշիի հռչակագրի հիմքում թուրք-ադրբեջանական ընդհանուր օրակարգն է։ Ալիեւն ասել է, որ Շուշիի հռչակագիրը նոր մակարդակ կհաղորդի երկու երկրների հարաբերություններին: Հռչակագրով նախատեսվում է ամրապնդել համագործակցությունը Թուրքիայի հետ ռազմական արդյունաբերության եւ փոխադարձ ռազմական օգնության ոլորտում:
Ըստ Ալիևի` ստորագրված փաստաթուղթը հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ:
«Հռչակագիրը հիմնված է Կարսի պատմական պայմանագրի վրա: Այն վերաբերում է համագործակցության տարբեր ոլորտներին», - բացատրել է նա` հավելելով, որ դաշնակցության վերաբերյալ այս հռչակագիրն ամենաբարձր մակարդակին է բարձրացնում Բաքվի ու Անկարայի հարաբերությունները:
Փաստաթուղթը չի շրջանցում նաեւ Հայոց ցեղասպանության թեման՝ այն համարելով «պատմությունը խեղաթյուրելու, տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը վնասելու փորձեր»: