կարևոր
1420 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-01 23:42

Դատարանը դատավորին կալանավորելու միջնորդությունը կքննի վաղը

Դատարանը դատավորին կալանավորելու միջնորդությունը կքննի վաղը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արսեն Սարդարյանը գրում է.

«Տեղեկացնում եմ, որ դատավոր Բախշիյանի նկատմամբ կալանավորում խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մակագրվել է դատավոր Դավիթ Արղամանյանին:

Դատավորի կազմից տեղեկացանք, որ նիստը տեղի կունենա վաղը, ժամի մասին կհայտնեն առավոտյան, որից հետո լրացուցիչ կգրեմ»:

Բորիս Բախշիյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էլ ավելի վաղ հայտնել է, որ ակնհայտորեն անօրինական գործընթացներ են տեղի ունենում դատավորի հետ կապված, և ամեն ինչ բացահայտ կերպով վկայում է այն մասին, որ խնդիրը հենց Աշոտ Մինասյանին կալանքից ազատելու հետ է կապված: 

«Այս ամենում համոզվելու համար ընդամենը բավարար է գործի նյութերի ժամանակագրությանը ծանոթանալը, տեսնելը, թե երբ է սկսվել այս պրոցեսը՝ որպես քրեական վարույթ, թե որքան ժամանակ են վարույթն իրականացնող մարմինները համարել, որ դատավորի արարքում հանցագործություն չկա, բայց Աշոտ Մինասյանի որոշումից հետո համարել են, որ նրա արարքը հանցագործություն է»,- նշել է Սարգսյանը և հավելել, որ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող ակնհայտ անօրինական և պատվերով քրեական հետապնդման մասով դատախազության պարզաբանման մեջ բազմաթիվ մանիպուլյացիոն և անհիմն ձևակերպումներ կան։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էր երկու միջնորդություն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։ Խորհուրդը միաձայն որոշել է ներկայացված երկու միջնորդությունն էլ բավարարել:

Դատավորների միությունը հայտարարություն է տարածել՝ արձանագրելով, որ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից հետապնդում է իրականացվում, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։

Հիշեցնենք՝ հունվարի 26-ին Բորիս Բախշիյանի որոշմամբ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ արձակվեց կալանքից։ Դատավորը Նվեր Մկրտչյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը կայացրել է դեկտեմբերի 3-ին, իսկ Աշոտ Մինասյանին ազատ արձակելունը՝ հունվարի 26-ին, դատավորին անձեռնմխելիությունից զրելու գործընթացը դատախազը սկսել է երեկ՝ հունվարի 31-ին, այսինքն՝ Նվեր Մկրտչյանին կալանավորելուց շուրջ երկու, իսկ Աշոտ Մինասյանին ազատ արձակելուց՝ 5 օր անց:

Բորիս Բախշիյանը քննում է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը։