կարևոր
2056 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-01 23:08

Ալեն Սիմոնյան-Փաստերի ստուգման հարթակ փոխադարձ մեղադրանքները շարունակվում են

Ալեն Սիմոնյան-Փաստերի ստուգման հարթակ փոխադարձ մեղադրանքները շարունակվում են

ՀՀ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեն Սիմոնյանն արձագանքել է Փաստերի ստուգման հարթակի հրապարակած նյութին և նշել, որ հետամուտ է լինելու իրավական գործընթաց սկսելու հարցում:

«Հարգելի հայրենակիցներ, այսօր մի լրատվական կայք, որն արդեն վաղուց մեծ ջանասիրությամբ փորձում է ինչ-որ անհամապատասխանություններ գտնել իմ ունեցվածքի մեջ, արդեն երկրորդ անգամ է՝ տեղեկություն է հրապարակում մակերեսային հետազոտությունների հիման վրա և հայտնվում է ծիծաղելի վիճակում:

Այսօր կրկին հայտարարել է, թե իբր ես չհայտարարագրված բնակարան ունեմ, իմ այն պարզաբանումից հետո, որ այդ բնակարանը մոտ 6-7 տարի առաջ վաճառվել է, հրապարակվել է ինչ-որ տեղեկանք, ուր պնդվում է, որ ես դեռ հանդիսանում եմ նշված բնակարանի սեփականատերը:

Նշված տեղեկությունը, բնական է, նույնպես չի համապատասխանում իրականությանը, ինչի վերաբերյալ ապացույցը տեղադրված է ստորև:

Ձեզ եմ ներկայացնում նշված բնակարանի առք ու վաճառքի պայմանագիրը: Պայմանագիրը կնքված է 2016 թվականի մարտի 21-ին և օրենքով սահմանված կարգով վավերացված է նոտարական գրասենյակի կողմից:

Նշված հերթական թերի հետազոտության վերաբերյալ, ինչպես նախկինում հայտարարել եմ, հետամուտ եմ լինելու իրավական գործընթաց սկսելու հարցում»,- գրում է Ալեն Սիմոնյանը:

Այս գրառմանը ևս արձագանքել է Փաստերի ստուգման հարթակը՝ նշելով, որ թեև Ալեն Սիմոնյանը պնդում է, որ նշված բնակարանը վաճառվել է տարիներ առաջ, սակայն 2021 թ․ հոկտեմբերին կադաստրի կոմիտեից ստացված տեղեկանքի համաձայն՝ Ալեն Սիմոնյանը համարվում է այդ բնակարանի համասեփականատեր։ Հարթակը հրապարակել է նաև համապատասխան փաստաթղթերը: