կարևոր
2122 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-01 22:32

Այս հետապնդումների հիմնանպատակը գործող իշխանության օրհասը երկարաձգելու հուսահատ փորձ է. հայտարարություն

Այս հետապնդումների հիմնանպատակը գործող իշխանության օրհասը երկարաձգելու հուսահատ փորձ է. հայտարարություն

«Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհուրդ»-ը հայտարարում է, որ ընդլայնում է իր գործունեության շրջանակները և իր պաշտպանության տակ է վերցնում ՀՀ-ում քաղաքական դրդապատճառներով հետապնդումների ենթարկվող բոլոր այլախոհներին։ Հայտարարության մեջ ասված է.

​«Սիրելի՛ հայրենակիցներ,

ինչպես գիտեք՝ երկամսյա ապօրինի կալանավորումից հետո ազատ արձակվեց «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյան-Երկաթը։

Սա, անշուշտ, հաղթանակ է, բայց ոչ վերջնական։

Կալանավայրերում են գտնվում դեռևս մի խումբ հայրենանվեր հայորդիներ՝ Գորիսի և Վանաձորի ընտրված քաղաքապետեր Առուշ Առուշանյանը և Մամիկոն Ասլանյանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը, «Այլընտրանք» ՀԿ ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը և այլք։

Շարունակվում են քաղաքական հետապնդումները նույն Աշոտ Մինասյան -Երկաթի, պրոֆեսոր Արմեն Չարչյանի, «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանի, «Հայոց ազգային գվարդիա»-ի հիմնադիր-նախագահ Արշակ Զաքարյանի, համակարգող Տիգրան Չոբանյանի, «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի, աշխարհահռչակ բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի, «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Սոնա Աղեկյանի և ուրիշների նկատմամբ։

«Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհուրդ»-ը համոզված է, որ այլախոհության նկատմամբ անհանդուրժողականությունը և քաղաքական հետապնդումները ՀՀ-ում կազմաքանդում են իրենց «ժողովրդական բաստիոն» հռչակած երկրի ժողովրդավարության վերջին փշրանքները։ Ակնհայտ է, որ այս հետապնդումների հիմնանպատակը գործող իշխանության արդեն իսկ նշմարվող օրհասը երկարաձգելու հուսահատ փորձ է։

Ելնելով այս ամենից՝ «Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհուրդ»-ը հայտարարում է, որ ընդլայնում է իր գործունեության շրջանակները և իր պաշտպանության տակ է վերցնում ՀՀ-ում քաղաքական դրդապատճառներով հետապնդումների ենթարկվող բոլոր այլախոհներին։

Կոչ ենք անում բոլոր իրավապաշտպան կառույցներին և անհատներին, նաև բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն երկրի գոյությանն ու ապագային սպառնացող վտանգների հանդեպ, միավորվել և համատեղ ջանքերով նպաստել ստեղծված իրավիճակից Հայրենիքը դուրս բերելու գործին։

«Աշոտ Մինասյանի և բոլոր քաղաքական հետապնդումների ենթարկվածների պաշտպանության խորհուրդ»: