կարևոր
1435 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-01 17:14

ՄԻՊ-ը դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբանների բողոքի հիման վրա գրություն կուղարկի քրեական հետապնդման մարմնին

ՄԻՊ-ը դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբանների բողոքի հիման վրա գրություն կուղարկի քրեական հետապնդման մարմնին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին են դիմել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբանները՝ նշելով, որ իրենց վստահորդի նկատմամբ իրականացվում է անօրինական քրեական հետապնդում, ինչպես նաև որ վտանգված է նրա անձնական ազատության իրավունքը:

Ըստ փաստաբանների՝ հարցը վերաբերում է իրենց վստահորդը հանդիսացող դատավորի վարույթում գտնվող ու դեռ նրա վարույթում շարունակվող գործով դատավորի կողմից՝ որպես քրեական վարույթն իրականացնող մարմին, իր իրավասության սահմաններում որոշում կայացնելուն: Փաստա բանները նշել են նաև, որ քրեական հետապնդման մարմնի արարքները ոտնձգություն են դատավորի անկախության նկատմամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել է նաև ՀՀ դատավորների միության հայտարարությունը, որով մտահոգություն է հայտնվել նշված՝ Բորիս Բախշիյանի գործի հետ կապված:

 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաև, որ ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու մասին քրեական հետապնդման մարմնի միջնորդությունները:

 Ուսումնասիրելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած Բորիս Բախշիյանի փաստաբանների բողոքի հանգամանքները, ՀՀ դատավորների միության, ՀՀ գլխավոր դատախազության հայտարարությունները՝ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ու հատկապես նրան անձնական ազատությունից զրկելու հարցը քննարկելիս քրեական վարույթի այս փուլում առանձնապես կարևոր է պարզել, թե դատավորը կոնկրետ իրավիճակում կարող էր արդյոք սեփական հայեցողությամբ գնահատել գործի հանգամանքները և կայացնել անձին կալանավորելու որոշում այնպիսի գործով, որում հանդես է գալիս՝ որպես վարույթն իրականացնող մարմին:

Այս պայմաններում կարևոր հանգամանք է նաև այն, որ, ինչպես Պաշտպանին տեղեկացրել են փաստաբանները, դատախազը չի բողոքարկել կալանք կիրառելու մասին դատարանի այն որոշումը, որի համար նա հետապնդվում է:

 Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես է քննադատության ենթարկել խափանման միջոց կալանքների չարաշահման պրակտիկան դատարանների կողմից, բայց այս հայտարարությունը վերաբերում է կոնկրետ իրավիճակի և այդ կոնկրետ իրավիճակում որոշում կայացնելու դատավորի իրավասությանն ու միևնույն ժամանակ` այդ որոշման համար իրավապահ մարմնի կողմից դատավորին քրեական հետապնդման ենթարկելու իրավաչափությանը: Այս հարցը համակարգային կարևորություն ունի նաև դատական իշխանության անկախության տեսանկյունից:

 Մարդու իրավունքների պաշտպանի համար սույն գործով պարզելու ենթակա կարևոր հանգամանք է նաև փաստաբանների պնդումն առ այն, որ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդումը կապված է մեկ այլ գործով անձին կալանքից ազատելու նրա որոշման հետ: Այս մասին ակնարկ կա նաև ՀՀ դատավորների միության հայտարարությունում:

 Փաստաբանների բողոքի հիման վրա գրություն կհասցեագրվի համապատասխան քրեական հետապնդման մարմնին:

 Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան