կարևոր
1699 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-01 16:54

Պաշտոնապես հայտարարվեց. նախագահի իշխող խմբակցության թեկնածուն Վահագն Խաչատուրյանն է

Պաշտոնապես հայտարարվեց. նախագահի իշխող խմբակցության թեկնածուն Վահագն Խաչատուրյանն է

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հանդիպումը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի հետ։

Խմբակցությունից հայտնում են, որ ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները կառաջադրեն Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։

1992-1996 թվականներին Վահագն Խաչատուրյանը եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 1996-1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր: 1996-1998 թթ.-ին Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականն էր: 2019 թ.-ից մինչ նախարար դառնալը գործարար, այժմ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության պատգամավոր Խաչիկ Սուքիասյանին պատկանող «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ էր:

2021 թ. օգոստոսի 4-ին նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրապարակայնորեն հրաժարական է տվել` պատճառաբանելով, որ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։

Այսօր երկրի նախագահի լիազորություններն անցել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, մինչ նոր նախագահի ընտրությունները: ՀՀ Սահմանադրության 126-րդ հոդված-ի համաձայն՝ նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն: