20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները փակ նիստ են անցկացնում խորհրդարանում, որին մասնակցում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, նախագահի իշխանական հավանական թեկնածու Վահագն Խաչատուրյանը։ Այս մասին հայտնում է 24News-ի լրագրողը։
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրապարակայնորեն հրաժարական է տվել` պատճառաբանելով, որ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։
Այսօր երկրի նախագահի լիազորություններն անցել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, մինչ նոր նախագահի ընտրությունները: ՀՀ Սահմանադրության 126-րդ հոդված-ի համաձայն՝ նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն:
Մասնագիտությամբ տնտեսագետ, նախկինում Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական, այժմ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, ըստ մամուլի հրապարակումների, լինելու է ՀՀ նախագահի թեկնածուն՝ առաջադրված ՔՊ-ի կողմից։