կարևոր
2665 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-01 15:30

Հադրութի շրջանը եղել ու միշտ լինելու է հայկական. ադրբեջանական օկուպացիայի մասին օրենքի նախագիծը կքննարկվի փետրվարի16-ին

Հադրութի շրջանը եղել ու միշտ լինելու է հայկական. ադրբեջանական օկուպացիայի մասին օրենքի նախագիծը կքննարկվի փետրվարի16-ին

Արցախի Հանրապետության խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել «Արցախի բռնազավթած տարածքների մասին» օրենքի նախագիծը, որը համահեղինակել է ԱԺ 5 խմբակցություն: Օրենքի նախագիծը փետրվարի 16-ին ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է դրվելու:

«Օրենքի նախագիծը երկու հիմնական ուղերձ է պարունակում, առաջինը այն, որ մենք որևէ դեպքում չենք հրաժարվի Արցախի Սահմանադրությամբ ամրագրված տարածքներից և համարում ենք, որ, օրինակ` Հադրութի շրջանը հայկական է եղել ու միշտ լինելու է հայկական:

Երկրորդը` դիմում ենք բոլոր երկրների կառավարություններին և արտասահմանյան կազմակերպություններին, որոնք ինչ-որ կերպ շահագրգռված են մասնակցություն ունենալ տարբեր տեսակի գործունեություն ծավալելու բռնազավթած տարածքներում, ապա զգուշացնում ենք, որ համապատասխան օրենքի դրույթների և տարբեր միջազգային նորմերի հիման վրա կբարձրացնենք, մեզ համար բարենպաստ պայմաններ ստեղծվելու դեպքում կդիմենք միջազգային ատյաններ և արբիտրաժներ: Օրենքի նախագծում նշված է, որ արտասահմանյան ընկերությունները կարող են գործունեություն ծավալել միայն ու միայն Արցախի կառավարության թույլտվությամբ»,- հայտնել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:

Բաղունցը հղում, անելով Արցախի Հանրապետությայն Սահմանադրության 175-րդ հոդվածին, ասել է, որ մինչև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունը իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո: