կարևոր
1297 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-01 15:08

Ինչի համար է դատախազությունը մեղադրանք առաջադրել դատավորին

Ինչի համար է դատախազությունը մեղադրանք առաջադրել դատավորին

ԱԱԾ-ն փորձում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին մեղադրել Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված Փաշինյանի աջակցին ապօրինի կալանավորելու մեջ, թեև Փաշինյանի աջակիցն ինքն էր դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ՝ չներկայանալով դատական նիստերին։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք։ Տեղեկությունները հաստատել է նաև դատավոր Բախշիյանի փաստաբան Արսեն Սարդարյանը՝ նկատելով, որ դատավորն արել է այն, ինչ պետք է աներ։ Փաստաբանը հայտնել է, որ առանց հարգելի պատճառների դատական նիստերին չներկայացած ամբաստանյալի նկատմամբ, որը խախտել էր իր նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրության կարգը, դատարանն իրականացրել է օրենքից բխող գործողություններ՝ խափանման միջոց ստորագրությունը փոխելով կալանքով, ինչն օրենքով նախատեսված է և դատավորն արել է այն, ինչ պետք է աներ։ Ընդ որում, պարզվում է, որ դատախազությունը վերաքննության կարգով չի բողոքարկել նշված դատական ակտը, բայց որոշումից երկու ամիս անց դատախազությունն այդ հարցով դիմել է ԲԴԽ-ին՝ պահանջելով ակտը գնահատել որպես ակնհայտ ապօրինի կալանավորում, որն առաջացրել է ծանր հետևանք։

«ԲԴԽ-ն համաձայնություն է տվել նման արդարամիտ, օբյեկտիվ, նվիրյալ դատավորի նկատմամբ վարույթ սկսելու և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ»,- նշեց Սարդարյանը։

Հատկանշական է, որ դատարանը հետագայում վերանայել է ամբաստանյալի խափանման միջոցը։ Մասնավորապես, դատական նիստին դատախազը դիմում է ներկայացրել, համաձայն որի՝ կալանքից վերցվելուց հետո ամբաստանյալը հաղորդում է ներկայացրել իր փաստաբանի նկատմամբ, որ իր փաստաբանն ինքն է իրեն մոլորության մեջ գցել, որ կարող է նիստին չներկայանալ։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, որ ոչ թե ամբաստանյալն է իրեն անբարեխիղճ պահել, այլ՝ դատապաշտպանի հետ քննարկման թյուրըմբռնման հետևանք է, դատարանը կրկին փոխել է ամբաստանյալի խափանման միջոցը՝ փոխարինելով գրավով, ինչը, ըստ փաստաբանի, վկայում է դատավորի բարեխղճության մասին։

ԲԴԽ-ի կողմից դատավորի նկատմամբ հետապնդում իրականացնելու և ազատությունից զրկելու համաձայնության վերաբերյալ որոշումներից հետո դատավորի մասնակցությամբ դեռևս գործողություններ չեն իրականացվել։

Փաստաբանի գնահատմամբ՝ ԲԴԽ-ի գործողությունները դատավորի գործունեության նկատմամբ ակնհայտ ապօրինի միջամտություն է։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էր երկու միջնորդություն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։ Խորհուրդը միաձայն որոշել է ներկայացված երկու միջնորդությունն էլ բավարարել:

Դատավորների միությունը հայտարարություն է տարածել՝ արձանագրելով, որ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից հետապնդում է իրականացվում, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։

Հիշեցնենք՝ հունվարի 26-ին Բորիս Բախշիյանի որոշմամբ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ արձակվեց կալանքից։ Բորիս Բախշիյանը քննում է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը։