կարևոր
1483 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-01 13:40

ԲԴԽ-ն լուռ, համր ու հեզաբար կատարում է այս իշխանության ցանկացած որոշում. Վարդևանյան

ԲԴԽ-ն լուռ, համր ու հեզաբար կատարում է այս իշխանության ցանկացած որոշում. Վարդևանյան

Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ հետապնդման համաձայնությունը Բարձրագույն դատական խորհուրդը՝ ուշադրություն տվել է ՄԻԱՁԱՅՆ: Պատկերացնում եք դատավորներին պաշտպանող կառույցը, ՄԻԱՁԱՅՆ ասում է՝ հետապնդեք դատավորին. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է. 

«Որոշ ժամանակ առաջ ասել էի ԲԴԽ-ն վերածվել է ազդեցության և քաղաքական հրահանգներին չենթարկվող, հավասարակշռված ու պրոֆեսիոնալ վարք ու վարկ ունեցող դատավորներին վախեցնելու և պատժելու գործիքի: Բոլորի համար պարզ է, որ ԲԴԽ-ն լուռ, համր ու հեզաբար կատարում է այս իշխանության ցանկացած որոշում։ Եթե այս իշխանությունը որոշի պատժել հենց ԲԴԽ-ին, ԲԴԽ-ն դա էլ կանի՝ իրենք իրենց կպատժեն. Առանց հարցնելու՝ հեզ ու խոնարհաբար։

Չափազանց կարևոր է, որ մասնագիտական համայնքը դիրքորոշում է արտահայտում այս խայտառակ բռնապետական իրավիճակի վերաբերյալ և ցանկացած միջոցառման ինքս ևս մասնակցելու եմ:

Հիշեցման կարգով ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարողի պաշտոնավարման հարցով (ի թիվս այլի՝ 65 տարին լրանալու մասով) դիմել էինք Սահմանադրական դատարան, այդ գործով նիստը նշանակված է ս.թ. փետրվարի 8-ին»,- հայտնում է պատգամավորը։ 

Ավելի վաղ հայտնել ենք, որ հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էր երկու միջնորդություն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։ Խորհուրդը միաձայն որոշել է ներկայացված երկու միջնորդությունն էլ բավարարել:

Դատավորների միությունը հայտարարություն է տարածել՝ արձանագրելով, որ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից հետապնդում է իրականացվում, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։

Հիշեցնենք՝ հունվարի 26-ին Բորիս Բախշիյանի որոշմամբ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ արձակվեց կալանքից։ Բորիս Բախշիյանը քննում է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը։