կարևոր
1198 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-01 12:05

Խորհրդարանի նախագահի լիազորություններն անցնում են Հակոբ Արշակյանին

Խորհրդարանի նախագահի լիազորություններն անցնում են Հակոբ Արշակյանին

Այսօրվանից սկսած, մինչ ՀՀ նոր նախագահի ընտրությունը, Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Հակոբ Արշակյանը: Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովից.

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրության հրապարակման պահից մինչեւ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կկատարի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը»,- նշված է ԱԺ հաղորդագրության մեջ:

Համաձայն Սահմանադրության 144 հոդվածի Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը։

Իսկ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ Ազգային ժողովի նախագահի կողմից Հանրապետության նախագահի պարտականությունները կատարելիս Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահի այն տեղակալը, որը պաշտոնում ընտրվելիս ստացել է առավել շատ ձայներ, իսկ ձայների հավասարության դեպքում՝ տարիքով ավագը:

ԱԺ փոխնախագահ ընտրվելիս Ռուբեն Ռուբինյանը ստացել է 70, Հակոբ Արշակյանը 71, իսկ Իշխան Սաղաթելյանը՝ 64 կողմ ձայներ։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հունվարի 31-ը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը ետ վեցնելու վերջնաժամկետն էր: Արմեն Սարգսյանը ետ չի վերցրել հրաժարականը: Այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

Մինչ նոր ընտրությունները նախագահի լիազորություններն անցնում են ԱԺ նախագահին: 

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրապարակայնորեն հրաժարական է տվել` պատճառաբանելով, որ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։

ՀՀ Սահմանադրության 126-րդ հոդված-ի համաձայն՝ նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն:

Հավելենք նաև, որ ըստ իշխանական թերթի՝«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ նախագահի թեկնածու կառաջադրի նախկինում Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական, այժմ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին: