29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը.
«Հիմք ընդունելով Հանրապետության նախագահի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 142-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի եւ 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները», - ասված է արձանագրությունում:
Հունվարի 31-ը հրաժարականի դիմումը ետ վեցնելու վերջնաժամկետն էր: Արմեն Սարգսյանը ետ չի վերցրել հրաժարականը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում նախագահը հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:
Մինչ նոր ընտրությունները նախագահի լիազորությունները կատարում է ԱԺ նախագահը: Իսկ Ալեն Սիմոնյանին մինչ այդ էլ կփոխարինի Հակոբ Արշակյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրապարակայնորեն հրաժարական է տվել` պատճառաբանելով, որ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։
ՀՀ Սահմանադրության 126-րդ հոդված-ի համաձայն՝ նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն:
Հավելենք նաև, որ ըստ իշխանական թերթի՝«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ նախագահի թեկնածու կառաջադրի նախկինում Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական, այժմ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին: