Բարձրագույն դատական խորհուրդը երեկ մինչև ուշ գիշեր քննել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու թույմիջնորդությունները:
ԲԴԽ-ն բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունները և համաձայնություն տվել դատավոր Բախշիյանի նկատմամբ ինչպես քրեական հետապնդում իրականացնելու, այնպես էլ կալանավորման միջնորդությամբ հանդես գալու:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԲԴԽ-ին ներկայացրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ:
Ավելի վաղ Դատավորների միությունը հայտարարություն է տարածել՝ արձանագրելով, որ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից հետապնդում է իրականացվում, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի համոզմամբ՝ Բորիս Բախշյանի նկատմամբ իրավապահների գործողություններն ուղղված են ամբողջ դատական համակարգին շատ կոնկրետ «ազդակ» տալուն: Հենց այսպիսի վարքագիծ է բնորոշ բռնապետական իշխանություններին: Այս իշխանությունները վերջին մեկ տարվա ընթացքում շատ հստակ ապացուցում են, որ չեն հանդուրժում դատավորների անկախությունը:
Այս իրավիճակի կանխարգելման ու դատավորների անկախության երաշխավորման պատասխանատուն համաձայն Սահմանադրության՝ Բարձրագույն դատական խորհուրդն է: Այսինքն հենց այդ մարմինը պետք է պաշտպանի դատավորներին, չնայած հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում ամեն կերպ նպաստել է, որ դատավորների անկախությունը վերացվի»:
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն իր հերթին նշել է. «Բորիս Բախշիյանն այն դատավորն է, որը քննում է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Աշոտ Միանսյանի և Գորիսի փողքաղաքապետեր՝ Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը։
Ակնհայտ է, որ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ այս գործընթացը փաստացի սկսվեց միայն այն բանից հետո, երբ վերջինս գրավի դիմաց ազատ արձակեց Մանվել Փարամազյանին, Մենուա Հովսեփյանին և Աշոտ Մինասյանին, հետևաբար պարզորոշ է, որ նման պարագայում նրա նկատմամբ իրականացվող այդ գործընթացը չի կարող տեղավորվել իրավական ողջամտության մեջ և լինել իրավաչափ։
ՀՀ ԱԱԾ-ն և ՀՀ դատախազությունն իրենց նման գործելաոճով պարզապես նսեմացնում են Դատական իշխանությունը և առհասարակ քանդում են ողջ դատաիրավական համակարգը։ Հասկանալի է, որ սույն նախադեպով փորձ է կատարվում վախի մթնոլորտ մտցնել դատավորների մեջ, որպեսզի նրանք չհամարձակվեն այն քրեական գործերով, որոնցով հետաքրքրրված է քաղաքական իշխանությունը, լինել անկաշկանդ և կայացնել օրինական որոշումներ, այլ պարզապես կատարեն իշխանության կամքը, այն է՝ բոլորին անխտիր պահել փակի տակ»,- նշում է փաստաբանը:
Հիշեցնենք՝ հունվարի 26-ին Բորիս Բախշիյանի որոշմամբ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ արձակվեց կալանքից։
Բորիս Բախշիյանը քննում է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը։