կարևոր
1102 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-01 09:10

Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու ծննդյան 154-րդ ամյակն է այսօր

«...կարո՞ղ ենք ասել, որ ամեն բան վերջացած է: Ո՛չ: Անկախությունը այնպիսի բան է, որ նվեր չի ստացվում: Ամեն ազգ իր անկախությունը սեփական բռունցքով միայն կարող է ձեռք բերել… Հայ ժողովրդի համար անկախությունն այսօր մահվան և կյանքի խնդիր է, և Հայաստանի ժողովուրդը ունի այդ գիտակցությունը»:

Փետրվարի 1-ը Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ, և ականավոր ճարտարապետ` Հովհաննես Քաջազնունու ծննդյան օրն է։

Պուշկինի փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկում է ապրել ականավոր քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ, տաղանդաշատ ճարտարապետ, պրոֆեսոր Հովհաննես Քաջազնունին: Առաջին Հանրապետության անկումից հետո նա Խորհրդային Հայաստան էր վերադարձել 1924-ին, նպատակ ունենալով օգնել հայրենիքին և զբաղվել զուտ իր մասնագիտությամբ՝ ճարտարապետությամբ:

1868թ. ծնված Հովհաննես Քաջազնունին ավարտել էր Պետերբուրգի քաղաքացիական ինժեներների ինստիտուտը, 1914թ. աշխատել Ազգային բյուրոյում, 1918թ. եղել Անդրկովկասի սեյմի անդամ: Ուսանողական տարիներից`1893 թվին, անդամագրվում է ՀՅԴ-ին:

Հայաստանի առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին հետագայում ինքն իր մասին գրել է.

«Իբրև արևելցի՝ հակված եմ եղել երազելու և փիլիսոփայելու: Է՞լ ասեմ: Անբուժելի ռոմանտիկ եմ եղել և միաժամանակ՝ շեշտված սկեպտիկ: Հաշտեցրեք, եթե կարող եք: Իբրև գրասեր գրել եմ դեսից-դենից: Իբրև տնաբույս փիլիսոփա՝ շատ մտածել եմ անլուծելի խնդիրների մասին»։

 1907-1910թթ. զբաղվում է Բաքվի հայկական Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճարի նախագծման և շինարարության աշխատանքներով:

1917-ին Քաջազնունին ընտրվում է Հայոց Ազգային խորհրդի, 1918-ի փետրվարին՝ Անդրկովկասյան Սեյմի անդամ: Սեյմի կազմում 1918-ին մասնակցել է Տրապիզոնի բանակցություններին, նույն տարվա հունիսին, որպես Հայաստանի ներկայացուցիչ (Ալեքսանդր Խատիսյանի և Միքայել Պապաջանյանի հետ) Օսմանյան կայսրության պատվիրակության հետ ստորագրել Բաթումի հայ-թուրքական Հաշտության և բարեկամության դաշնագիրը:

Բացառիկ լուսանկար. Անկախ Հայաստանի կերտողները: Ձախից աջ՝ Լևոն Շանթ, Հովհաննես Դևեջյան, Հովհաննես Քաջազնունի, Սիմոն Վրացյան:

Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարման ձևը խորհրդարանական էր, այսինքն` երկրի ամենակարևոր քաղաքական դեմքը վարչապետն էր:  Հովհաննես Քաջազնունին  հայոց պատմության այդ  բարդ  շրջանում  իր վրա է վերցնում վարչապետ դառնալու ծանր պատասխանատվությունը  և մեծ ներդրում է ունենում հայոց պետականության կայացման գործում:

Հովհաննես  Քաջազնունու գործունեության երեք ամենակարևոր կետերից առաջինը  Քաջազնունու վարած  հայակենտրոն քաղաքականություն էր:

Հաջորդ կարևոր կետը Քաջազնունու խիստ զգուշավոր  մոտեցումն էր հարևան Օսմանյան Թուրքիայի հանդեպ: Չնայած, որ կայսրությունն արդեն մահվան մահճում էր, միևնույնն է, շարունակում էր դամոկլյան սրի նման կախված մնալ նոր պետականության գլխավերևում:

Կարևոր է նաև Քաջազնունու անմնացորդ նվիրումը գաղափարին և հանրապետությանը: Դրա ամենախոսուն փաստերը  Քաջազնունու անձնական կորուստներն են՝ պատերազմում զոհված երկու որդիները: Միայն այսպիսի ծանր կորուստների  գնով Քաջազնունուն և գործի մյուս նվիրյալներին հաջողվեցին դնել Առաջին Հանրապետության հիմնաքարերը: «Բացառիկ ծանր պայմանների մեջ է գործի անցել իմ կազմած կառավարությունը... Կառավարությունը չունի ոչ մի հենարան անցյալում, նա չի հաջորդում նախկին կառավարությանը՝ շարունակելու արդեն ընթացքի դրած պետական աշխատանքը»,- ասել է Քաջազնունին՝ ներկայացնելով կառավարության կազմը:

Դեռևս վարչապետի պաշտոնում՝ Քաջազնունին ուղևորվում է Վրաստան, Եվրոպա, ապա Միացյալ Նահանգներ, որտեղ կարևոր դեր է կատարում ամերիկյան օգնությունը Հայաստան հասցնելու հարցում: 1920-ին վերադառնում է Հայաստան, ստանձնում խորհրդարանի նախագահի տեղակալի աթոռը, նոյեմբերի վերջերին դառնում նախագահ: Մասնակցում է 1921-ի փետրվարյան ապստամբության արդյունքում ձևավորված Հայրենիքի փրկության կոմիտեի աշխատանքներին:

1921-ի ամռանը հազարավոր հայերի հետ անցնում է Արաքսը, ապրում ապա՝ Իրանում, Եգիպտոսում, Պոլսում, Ռումինիայում: 1923 թ. ապրիլի 7-ից մինչև մայիսի 19-ը Վիեննայում գումարվում է ՀՅԴ արտասահմանյան մարմինների արտակարգ խորհրդաժողովը (կոնֆերանս): Խորհրդաժողով հրավիրվում է և Հ. Քաջազնունին, սակայն վերջին պահին նա հրաժարվում է մասնակցել և իր զեկուցումը, որը վերնագրված էր «Հ.Յ.Դաշնակցությունը անելիք չունի» ուղարկում է փոստով: Գրքի վերնագիրը բովանդակությունից չի բխում և այն ճիշտ ընկալելու համար կարևոր է կարդալ ողջ գիրքը, որը գրվել է մեր պատմության  ամենակարևոր քաղաքական գործիչներից մեկի՝ Հովհաննես Քաջազնունու ձեռքով: Պետք է նշել, որ Հ. Քաջազնունին իր հայտնի գրքույկը գրել է ոչ թե դեպի Հայաստան անցաթուղթ ստանալու նպատակով, այլ որպես իր անձնական համոզմունքի դրսևորում: Նա միամտորեն կարծում էր, որ ՀՅԴ-ի քաղաքական ասպարեզից հեռանալը հնարավորություն կտա խորհրդային պետությանը վերականգնել տնտեսությունը, իսկ ապագայում կլուծի նաև Հայ Դատը, սակայն վերադառնալով Խորհրդային Հայաստան՝ հասկանում է, որ իր պատկերացումները՝ բոլշևիկների, Խորհրդային Հայաստանի և Հայ Դատի լուծման մասին սխալ էին․ ինքը մեծ սխալ է գործել, որի համար խիստ զղջացել է, սակայն արդեն ուշ էր:

1925 թ. հունվարի 19-ին նա արդեն Երևանում էր: Եվ իրապես մեծ հույսերով ու նպատակներով Հ. Քաջազնունին վերադարձավ Երևան: Պատանեկան խանդավառությամբ նա անցավ գործի` իր մասնագիտական գիտելիքները ի նպաստ դնելու հանուն նոր Հայաստանի կերտմանը: Այդ տարիներին Հայաստանում ընթանում էին մեծ ծավալի շինարարական աշխատանքներ, և ճարտարապետների խիստ կարիք էր զգացվում: Եվ Քաջազնունու բարձր պրոֆեսոնալիզմը և խորը գիտելիքները մեծ դեր խաղացին երիտասարդ Հանրապետության հասարակական և ճարտարապետական կյանքում: Լինելով բարձրակարգ ճարտարապետ` նա հաճախ էր հրավիրվում տարբեր հանձնաժողովների աշխատանքներին և տալիս նախագծերի եզրակացություններ: 1926 թ. Հ. Քաջազնունին մասնակցում է կառուցվելիք ժողտան (օպերայի և բալետի շենքի) հայտարարված մրցույթին (նախագիծը, ցավոք, չի պահպանվել,-Հ. Մ.): 1927-29 թթ. Քաջազնունու նախագծերով և նրա անմիջական ղեկավարությամբ Երևանում և Սարդարապատում կառուցվեցին բամբակամշակման գործարաններ (չեն պահպանվել,-Հ. Մ.), նույն թվականներին կառուցում է ձեթ-օճառի գործարանը Երևանում` իր բոլոր օժանդակ կառույցներով, բնակելի ավան աշխատողների համար: Դրանք կառուցվեցին «Գրախտ» ընկերության կողմից և դարձան Խորհրդային Հայաստանի առաջին արդյունաբերական շինությունները: 

1926 թ. Գյումրու սարսափելի երկրաշարժից հետո Հ.Քաջազնունին մշտապես գտնվել է այնտեղ, ուսումնասիրել քանդված տների բնույթը, առաջարկել շենքերը ճիշտ կառուցելու ուղիներ: 1927 թ. հանդես է եկել զեկույցով Լենինականում իրականացվող վերականգնողական շինարարական աշխատանքների բնույթի վերաբերյալ: Հետագայում 1935 թ. Հ. Քաջազնունին Լենինականում նախկին Բուլվարնայա (Կիրովի) և 27-րդ փողոցների խաչմերուկում կառուցում է բնակելի նոր շենք: Այս կառույցը մինչև օրս կանգուն է և դիմակայել է անգամ 1988 թ. ավերիչ երկրաշարժը, համարվում է Հ. Քաջազնունու լավագույն գործերից մեկը:

Միաժամանակ Հ. Քաջազնունին ակտիվորեն մասնակցում է հասարակական գործունեությանը: Հայաստանի Տեխնիկական ընկերության նախագահության անդամ էր, ապա` նախագահ: 1928 թ. Հ. Աճառյանի, Գ. Հակոբյանի, Ա. Տերյանի հետ համահեղինակությամբ Հ. Քաջազնունին իր տեխնիկական և գրական գիտելիքների մեծ պաշարով մասնակցում է «Շինարարական կառույցների ռուս-հայերեն բառարանի» ստեղծմանը: Այդ բառարանը բաղկացած էր 7560 բառ-հոդվածներից: 1929 թ. նոյեմբորի 1-ից «Կորչի անգրագիտությունը» ընկերության անդամ էր:

1926 թ. աշնանից մինչև 1931 թ. գարունը Հ. Քաջազնունին դասավանդում է Երևանի համալսարանի նոր կազմակերպված տեխնիկական ֆակուլտետում (շինարարական արվեստ), ապա շինարարական ինստիտուտում (ճարտարապետական նախագծում) առարկաները: 1930 թ. փետրվարի 9-ին ՀՍՍՀ Լուսժողկոմատի կոլեգիայի որոշմամբ Հ. Քաջազնունու շնորհում են պրոֆեսորի գիտական կոչումը:

Մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև Քաջազնունու գրական ժառանգությունը: Հոգեպես մեծ կապվածություն ունենալով ժամանակի գրական կյանքի և գործիչների հետ, հետագայում նրանց մասին հուշեր է գրել: Հատկանշական են Թումանյանի մասին նրա հուշերը. անկեղծ՝ անկաշկանդ, սիրով առլեցուն:

1937 թ. հուլիսի վերջերին Հ. Քաջազնունին հանգստանում էր Ստեփանավանում և իր աղջկան` Մարգարիտային ուղղված նամակում հիշատակում է, որ մտադիր է մնալ այնտեղ մինչև օգոստոսի 6-ը, սակայն Հ.Քաջազնունու վիճակված չէր երկար հանգստանալ, քանի որ հուլիսի 28-ին ՆԳ Ժողկոմիսար Խ. Մուղդուսու ստորագրությամբ տրվում է օրդեր թիվ 6/41 Հ.Քաջազնունու բնակարանը խուզարկելու և ձերբակալելու վերաբերյալ: Հուլիսի 29-ին նա Ստեփանավանում ձերբակալվում է ՀՍՍՀ ՆԿՎԴ-ի կողմից: 

Քաջազնունին մահացավ 1938 թ. հունվարի 15-ին (այլ տվյալներով՝ 1937-ի դեկտեմբերի 29-ին) բանտային հիվանդանոցում գրիպից ու թոքաբորբից, այլապես պիտի գնդակահարվեր դեռևս 1937-ի դեկտեմբերի 5-ին ՀԽՍՀ ՆԳԺԿ Եռյակի կողմից կայացված որոշման համաձայն, որը ժամանակավորապես կանխել էր բանտային բժիշկը։

Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ, ականավոր ճարտարապետ, ՀՅԴ գործիչ Հովհաննես Քաջազնունին մահացավ 1938 թ. հունվարի 15-ին (այլ տվյալներով՝ 1937-ի դեկտեմբերի 29-ին) բանտային հիվանդանոցում գրիպից ու թոքաբորբից, այլապես պիտի գնդակահարվեր դեռևս 1937-ի դեկտեմբերի 5-ին ՀԽՍՀ ՆԳԺԿ Եռյակի կողմից կայացված որոշման համաձայն, որը ժամանակավորապես կանխել էր բանտային բժիշկը։

Հայաստանի Հանրապետության (1918-1920-21 թթ) առաջին վարչապետ, խորհրդարանի երրորդ նախագահ Հովհաննես Քաջազնունու վերջին լուսանկարը, որն արվել է Երևանի բանտում 1937 թ.-ին։