կարևոր
1114 դիտում, 5 ամիս առաջ - 2022-01-31 14:01

«Մունք» տեխնոդպրոցը կկարողանա ընդունել 100 երիտասարդի

«Մունք» տեխնոդպրոցը կկարողանա ընդունել 100 երիտասարդի

Արցախի կառավարությունը միացել է Արցախի «Մունք» տեխնոդպրոցը ստեղծելու նախագծին, այդ թվում` ֆինանսական աջակցություն տրամադրելով, տեղեկացնում է ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Դպրոցը գործելու է Մարտունի քաղաքում։ Տեխնոդպրոցը կրթական նախագիծ է ՏՏ ոլորտում, որն իրականացվում է «Ես» կրթական հիմնադրամի կողմից։

«Այս կրթական ծրագրերը մշակվել էին դեռ 2017-ին, որպեսզի ուղղակի մի քիչ ակտիվացնենք Արցախի գյուղերի կյանքը, երեխաների և դեռահասների կրթության մեջ փոփոխություններ անենք, բայց ամենակարևորը՝ արդիականացնենք կրթության ոլորտը…Հիմա մեր ուսանողական նախաձեռնությունը դարձել է մեծ տարածաշրջանային նախագիծ, որին միացել է և Արցախի կառավարությունը», - ընդգծել է «Ես» կրթական հիմնադրամի տնօրեն Աշոտ Ավանեսյանը։

Նպատակը երեխաներին որակյալ տեխնիկական գիտելիք տալն է, ինչը նրանց համար ճանապարհ կբացի դեպի ՏՏ շուկա։ Նախագծի հեղինակը մաթեմատիկոս և ծրագրավորող Աշոտ Ավանեսյանն է, որը Ստեփանակերտում ուսման և Երևանում աշխատանքի երկար տարիներից հետո վերադարձել է հարազատ գյուղ և մշակել Տեխնոդպրոցի գաղափարը։

Գաղափարի իրականացման համար անհրաժեշտ է մոտ 68 մլն դրամ։

Շարժական լաբորատորիաների հետ մեկտեղ` ապագայում ստեղծվելու է մեծ տեխնոլոգիական դպրոց։ Շենքն ունենալու է երեք կահավորված սրահ, մեկ ընդհանուր աշխատանքային սենյակ և սանհանգույց։ Նախագծի շրջանակում Հաղորտիի գյուղապետարանը տրամադրել է համայնքապետարանի շենքը։

Վերանորոգումից հետո այն կկարողանա ընդունել 100 երիտասարդի, իսկ նախագծի շահառուների թիվը կհասնի 280-ի։ Հետագա հինգ տարվա ընթացքում պատրաստվելու է մոտ 270 ՏՏ մասնագետ, ինչը միայն աշխատավարձի տեսքով երկիր կբերի մոտ 1 մլրդ դրամ, ինչպես նաև կսկսի գործել ավելի քան 10 ՏՏ ընկերություն։

«Ես» կրթական հիմնադրամը ստեղծվել է 2019 թ-ին` Աշոտ Ավանեսյանի և նրա կնոջ՝ Լուիզայի կողմից։ Այսօրվա դրությամբ` հիմնադամի դասընթացներն օգնել են արդեն 80 արցախցի 13-17 տարեկան երեխաների։ Ուսումն ավարտելուց հետո աշակերտները հնարավորություն են ստանում իրենց սեփական ընկերությունները ստեղծելու։

«Մունք» տեխնոդպրոց ստեղծելու դրամահավաքն ընթանում է «ռեԱրմենիա» հարթակում: