կարևոր
2476 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-31 22:23

Փաշինյանը դատարանների դեմ խաչակրաց արշավանք սկսել չի կարող, ուղակի դրա իրավունքը չունի. Արթուր Խաչատրյան

Փաշինյանը դատարանների դեմ խաչակրաց արշավանք սկսել չի կարող, ուղակի դրա իրավունքը չունի. Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանն անդրադարձել է դատավոր Բորիս Բախշիյանի դեմ դատախազության և ԱԱԾ կողմից ներկայացված միջնորդությանը, որը դատարանների միության և շատ փաստաբանների կողմից որակվում է հետապնդում՝ պայմանավորված է դատավորի գործունեության հետ։

«2019 թ․ դեկտեմբերի 17-ին դատարանը Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարրաֆին մեղավոր ճանաչեց պետական դավաճանության մեջ և հեռակա կարգով դատապարտեց մահապատժի։ Չէ, Մուշարրաֆը պատերազմ չէր պարտվել, 2007-ին նա կասեցրել էր սահմանադրությունը և լայնածավալ գրոհ ձեռնարկել Պակիստանի դատական համակարգի դեմ՝ տնային կալանքի ենթարկելով գերագույն դատարանի նախագահին, պաշտոնից հեռացնելով գերագույն դատարանի 15 դատավորի և 56 նահանգային դատավորի։

Նիկոլ Փաշինյանը դատական համակարգի մեծ սիրահար չէ։ Հիշենք դատարանները շրջափակելու նրա կոչը, հիշենք դատավորներին «պատերի տակ վնգստացող» տրված որակավորումը, հիշենք վեթթինգի սպառնալիքը, հիշենք որոշ դատավորների դեմ ծավալված արշավը։ Իսկ այսօր հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազությունն ու ԱԱԾ-ն քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթաց են սկսել։

Փաշինյանը կարող է չսիրել դատարանները, բայց նրանց դեմ խաչակրաց արշավանք սկսել չի կարող, ուղակի դրա իրավունքը չունի։ Գործադիրի կողմից դատական համակարգի բռնազավթումը դեպի բռնակալություն տանող ամենակարճ ճանապարհն է, իսկ դա երբեք չի ներվում․․․»,-ամփոփում է պատգամավորը:

Նշենք, որ Գլխավոր դատախազը ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրգործի շրջանակներում ԲԴԽ-ին ներկայացրել է դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ: 

Հիշեցնենք՝ հունվարի 26-ին Բորիս Բախշիյանի որոշմամբ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյան ազատ արձակվեց կալանքից։

Բորիս Բախշիյանը քննում է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը։