կարևոր
1609 դիտում, 4 ամիս առաջ - 2022-01-31 17:00

Իշխանությունները քրեական հետապնդում են սկսել Աշոտ Երկաթին կալանքից ազատած դատավորի նկատմամբ

Իշխանությունները քրեական հետապնդում են սկսել Աշոտ Երկաթին կալանքից ազատած դատավորի նկատմամբ

ՀՀ դատավորների միությունը մտահոգություն է հայտնում Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։ Իշխանությունները քրեական հեհանդպում են սկսել Սյունիքի մարզի դատավոր Բախշիյանի նկատմամբ, որը ցուցաբերել էր անկախություն ու քաղաքական իշխանությանը ոչ հաճո որոշում կայացրել։

«Ուշադիր հետևում ենք հետագա զարգացումներին, անհրաժեշտության դեպքում հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ»,-ասված է  Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի տարածած հաղորդագրությունում:

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն իր հերթին նշում է. 

«Բորիս Բախշիյանն այն դատավորն է, որը քննում է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Աշոտ Միանսյանի և Գորիսի փողքաղաքապետեր՝ Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը։

Ակնհայտ է, որ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ այս գործընթացը փաստացի սկսվեց միայն այն բանից հետո, երբ վերջինս գրավի դիմաց ազատ արձակեց Մանվել Փարամազյանին, Մենուա Հովսեփյանին և Աշոտ Մինասյանին, հետևաբար պարզորոշ է, որ նման պարագայում նրա նկատմամբ իրականացվող այդ գործընթացը չի կարող տեղավորվել իրավական ողջամտության մեջ և լինել իրավաչափ։

ՀՀ ԱԱԾ-ն և ՀՀ դատախազությունն իրենց նման գործելաոճով պարզապես նսեմացնում են Դատական իշխանությունը և առհասարակ քանդում են ողջ դատաիրավական համակարգը։ Հասկանալի է, որ սույն նախադեպով փորձ է կատարվում վախի մթնոլորտ մտցնել դատավորների մեջ, որպեսզի նրանք չհամարձակվեն այն քրեական գործերով, որոնցով հետաքրքրրված է քաղաքական իշխանությունը, լինել անկաշկանդ և կայացնել օրինական որոշումներ, այլ պարզապես կատարեն իշխանության կամքը, այն է՝ բոլորին անխտիր պահել փակի տակ։

Ես՝ որպես փաստաբան, իմ աջակցությունն եմ հայտնում դատավոր Բախշիյանին և պատրաստ եմ հարկ եղած դեպքում ստանձնել նրա պաշտպանությունը։

Կոչ եմ անում իմ բոլոր փաստաբան գործընկերներին չլռել և միանալ հայտարարությանս, քանզի յուրաքանչյուրս նման տեմպերով շատ շուտով զրկվելու ենք անկախ Դատական համակարգ ունենալու մեր կարծես թե վերջին հույսից»։

Հիշեցնենք՝ հունվարի 26-ին Բորիս Բախշիյանի որոշմամբ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ արձակվեց կալանքից։