կարևոր
5092 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-31 11:01

Ե՞րբ, ինչպե՞ս և ինչու՞ է Վահագն Խաչատրյանը դարձել Խաչատուրյան

Ե՞րբ, ինչպե՞ս և ինչու՞ է Վահագն Խաչատրյանը դարձել Խաչատուրյան

Լրագրող Ռուզաննա Խաչատրյանը, որը երկար տարիների փորձ ունի, հարց է բարձրացնում նախագահի իշխանական թեկնածուի ազգանվան հետ կապված՝ հրապարակելով դեռևս 96 թվականի լուսանկար.

«Որևէ մեկն ունի՞ սպառիչ բացատրություն, թե ե՞րբ, ինչպե՞ս և ինչու՞ է Վահագն Խաչատրյանը դարձել Խաչատուրյան (համենայնդեպս շատ լրատվամիջոցներ հիմա նրան Խաչատուրյան ազգանվամբ են հիշատակում)։ Ստորև բերված նկարն արել եմ Ազգային Ժողովի՝ 1996թ. հրատարակված ուղեցույց գրքույկից, որում 4 տեղ նա հիշատակված է Խաչատրյան։

Տարիներ շարունակ լուսաբանելիս նրա ազգանունը հիշատակել ենք առանց ու-ի, ոչ մի անգամ չի սրտնեղել, թե սխալ ենք, չի ուղղել... Եկեք հիմա պարզենք, թե ինչ է պատահել, թե չէ՝ ընտրվելուց հետո հրաժարական տված նախագահ Արմեն Սարգսյանի դարդը մի անգամ էլ չվերապրենք...»:

Գրառման տակ Ռուզաննա Խաչատրյանի հարցադրումներին արձագանքում են նաև մյուս լրագրողները՝ նշելով, օրինակ.

«Ես 1996 թվականին աշխատել եմ Վահագն Խաչատրյանի եղբոր՝ Վազգեն Խաչատրյանի հետ նույն Անշարժ գույքի բորսայում։ Այնպես որ նրանց ազգանունը Խաչատրյան է եղել, Վահագն Խաչատրյանը այն ժամանակ Երևանի քաղաքապետն էր և գրվում էր Խաչատրյան։ Ինձ էլ զարմացրեց, երբ կարդացի Խաչատուրյան, կարծեցի ինչ որ մեկի չիմացության արդյունք է»:

ՀԻշեցնենք՝ երեկ երեկոյան պարզ դարձավ, որ ՀՀ նախագահի պաշտոնին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրելու է նախկինում Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական, այժմ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին: 1992-1996 թվականներին Վահագն Խաչատուրյանը եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 1996-1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր: 1996-1998 թթ.-ին Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականն էր: 2019 թ.-ից մինչ նախարար դառնալը գործարար, այժմ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության պատգամավոր Խաչիկ Սուքիասյանին պատկանող «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ էր:

2021 թ. օգոստոսի 4-ին նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար: