կարևոր
1741 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-31 09:30

Ինչպե՞ս և ինչո՞ւ է կառավարությունը «պայքարում» պոլիէթիլենի դեմ

Ինչպե՞ս և ինչո՞ւ է կառավարությունը «պայքարում» պոլիէթիլենի դեմ

2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերում արգելվել է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների` բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրվածը, վաճառքը և իրացումը: Օրինագծի փոփոխության նպատակն էր, ըստ Շրջակա միջավայրի նախարարության, նվազեցնել պոլիթիլենի շրջանառությունը, որը բնապահպանական խնդիրներ է լուծելու: 

Մեկ ամիս անց, սակայն, տոպրակների ոչ թե քանակն է պակասել, այլ գինն է բարձրացել: Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն արձանագրում է. 

«Երեկոյան գնացի խանութ։ Գնեցի մի քանի հատ վարունգ, գազար, մի հատ բազուկ, սոխ, մի քիչ միրգ, մի բուռ գետնանուշ, ձու, տոստի հաց, լավաշ։ Ամեն ինչը` բարակ պոլիէթիլենային պարկերի մեջ։ Այլ տարբերակ ուղակի չկա։ Սրան էլ գումարենք մեքենայի համար պլաստիկ շշի մեջ լցված ջուր։

Այս ամենը ճխտեցին երկու հատ «հաստ» պոլիէթիլենային տոպրակի մեջ, որոնք բավարարում են կառավարության նոր նորմատիվային պահանջներին, գանձեցին լրացուցիչ 90 դրամ ու 16 հատ ցելոֆանի տոպրակ (14 փոքր բարակ ու 2 հատ հաստ) տվեցին ինձ։ ՀՀ կառավարություն, այսպե՞ս եք «պայքարում» ցելոֆանի դեմ։ Պակասե՞ց դրա շրջանառությունը։ Սա ի՞նչ աչքակապություն է։

Ամեն տեղ պոլիէթիլեն է, ուղղակի հիմա դրա համար 45-50 դրամ ենք վճարում։ Ո՞վ է դրանից շահում։ Պոլիէթիլենի տոպրակ արտադրողները և վաճառողները։ Իսկ միգուցե հենց այստեղ է թաղված շան գլուխը. մի քանի բիզնեսմեն գերշահույթ են ապահովում՝ ժողովուրդին քամելով, իսկ կառավարությունն այս թալանն արդարացնում է գեղեցիկ խոսքերով»,- ասում է Արթուր Խաչատրյանը: