կարևոր
1825 դիտում, 4 ամիս առաջ - 2022-01-31 09:10

Արմեն Սարգսյանը դեռևս իր հրաժարականի դիմումը ետ չի վերցրել

Արմեն Սարգսյանը դեռևս իր հրաժարականի դիմումը ետ չի վերցրել

Նախագահ Արմեն Սարգսյանը դեռևս իր հրաժարականի դիմումը ետ չի վերցրել: Հունվարի 31-ը հրաժարականի դիմումը ետ վեցնելու վերջնաժամկետն է:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում նախագահը հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Մինչ նոր ընտրությունները նախագահի լիազորությունները կատարում է ԱԺ նախագահը: Իսկ Ալեն Սիմոնյանին մինչ այդ էլ կփոխարինի Հակոբ Արշակյանը: 

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրապարակայնորեն հրաժարական է տվել` պատճառաբանելով, որ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։

ՀՀ Սահմանադրության 126-րդ հոդված-ի համաձայն՝ նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն:

Հավելենք նաև, որ ըստ իշխանական թերթի՝«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ նախագահի թեկնածու կառաջադրի նախկինում Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական, այժմ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին: