կարևոր
1867 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-30 20:55

Նախագահի իշխանական թեկնածուն հայտնի է

Նախագահի իշխանական թեկնածուն հայտնի է

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ նախագահի թեկնածու կառաջադրի նախկինում Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական, այժմ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին: Այս մասին հայտնում է իշխանական «Հայկական ժամանակ» թերթը:

63-ամյա Վահագն Խաչատուրյանը Փաշինյանի գլխավորած կառավարությունուոմ նախարարի պաշտոն զբաղեցնում է 2021 թվականի օգոստոսի 4-ից: 

Նրա քաղաքական գործունեությունը սկսվում է Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք. Խաչատուրյանը եղել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր, 1992-96 թվականներին զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը, 1995-1999 թթ․ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել, իսկ 1996-1998 թթ. Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականի պաշտոնն է զբաղեցրել:

Տեր-Պետրոսյանի թիմում շարունակել է մնալ Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամի, կուսակցության տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոններումը:

2017թ.-ից սառեցրել է ՀԱԿ-ին անդամակցությունը։ 2018-ին տեղի ունեցած հեղափոխությունից հետո սերտորեն սկսել է համագործակցել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ:

2019 թ.-ից մինչ նախարար դառնալը գործարար, այժմ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության պատգամավոր Խաչիկ Սուքիասյանին պատկանող «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ էր:

2021 թ. օգոստոսի 4-ին նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Հայկ Չոբանյանին:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց զբաղեցրած պաշտոնից հրաժարական տալու մասին՝ նշելով, որ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա::

Վաղը՝ հունվարի 31-ին ուժի մեջ կմտնի նախագահ Սարգսյանի հրաժարականի դիմումը: Մինչև Ազգային ժողովի կողմից նոր նախագահի ընտրությունը, նախագահի պարտականությունները ժամանակավորապես կանցնեն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, իսկ ԱԺ-ում նրան կփոխարինի Հակոբ Արշակյանը: