կարևոր
1180 դիտում, 4 ամիս առաջ - 2022-01-29 15:02

Լրագրողները միության նախագահ ընտրեցին. ՖՈՏՈՇԱՐՔ

Լրագրողները միության նախագահ ընտրեցին. ՖՈՏՈՇԱՐՔ

Այսօր Հայսատանի ժուռնալիստների միության 13-րդ համագումարում քվեարկության արդյունքում Սաթիկ Սեյրանյանը վերընտրվեց Հայաստանի Ժունալիստների միության նախագահ, իսկ Մարգարիտ Եսայանը՝ քարտուղար: Սեյրանյանը ընտրվեց 92 կողմ ձայնով: Ժուռնալիստների միության նախագահի պաշտոնում այլ թեկնածու չէր առաջադրվել:

«Ուրախ եմ այն փաստից, որ Ժուռնալիտների միությանն անդամակցել են մեծ թվով ակտիվ գործող լրագրողներ, նաև երիտասարդներ, որոնք մեր ավագ սերնդի հետ նստած են այսօր այս դահլիճում, շփվում են, քննարկումներ են իրականացնում»,- շնորհակալական խոսքով դիմելով գործընկերներին՝ նշեց Սաթիկ Սեյրանյանը:

Նա հույս հայտնեց, որ մոտակա տարիներին իր ավագ և երիտասարդ գործընկերների աջակցությամբ կկարողանան լուծել դաշտում  առկա մի շարք խնդիրներ:

«Ցավոք, մենք ապրում ենք ժամանակներում, որոնք կարելի է բնորոշել՝ որպես ձևով՝ ժողովրդավարական, բովանդակությամբ՝ ավտորիտար ժամանակներ։

Երկրում հետևողականորեն վերացվում ու թուլացվում են իշխանության գրեթե բոլոր հակակշիռներն ու փոխզսպումները։ Դրանք տեղի են ունենում ֆորմալ ժողովրդավարական ընթացակարգերով, սակայն արդյունքում անթույլատրելիորեն մեծացնում են իշխանության կենտրոնացվածությունը, ինչն ուղիղ ճանապարհ է դեպի ոչ հաշվետվողական, ոչ թափանցիկ, իսկ վերջնարդյունքում՝ դեպի ոչ ժողովրդավարական կառավարում։

Ահա այս պայմաններում մամուլը մնացել է այն եզակի համակարգերից մեկը, որն իրականացնում է իշխանության հակակշռի այդ գործառույթը։

Իմ խորին համոզմամբ՝ հենց այս իրողությամբ է պայմանավորված մամուլի դեմ իշխանությունների սանձազերծած արշավը, որով նրանք ցանկանում են վերացնել նաև այս հակակշիռը։

Այդ իմաստով այսօր մենք՝ լրագրողներս, ակամայից կատարում ենք նաև ժողովրդավարության կամ դրա վերջին մնացուկների պաշտպանության առաքելություն, ինչը, սակայն, պետք է իրականացնել՝ մնալով բացառապես մասնագիտական վարքագծի ու նորմերի շրջանակներում։ Դա չափազանց դժվար է, սակայն մենք՝ մամուլի ներկայացուցիչներս, պարտավոր ենք հետևել այդ ճանապարհին՝ ժողովրդավարության պաշտպանության գործընթացում մեր մասնագիտությունը չվնասելու մղումով։

Հարգելի գործընկերներ,

Ցավոք, այսօր էլ մենք ապրում ենք դժվարին ժամանակներում։ Պետական ու հանրային կառավարման համակարգերի, ընդհանուր առմամբ քաղաքական վերնախավերի նշաձողերը սարսափելի անկում են ապրել։ Դա մամուլի, լրատվամիջոցների համար ևս մեկ մարտահրավեր է՝ արժեքային այդ անկմանը տուրք չտալու ու ներհասարակական հարաբերությունների խաթարումը կանխելու իմաստով։ Հույս ունեմ ու հավատացած եմ, որ մենք կկարողանանք հաղթահարել այդ մարտահրավերը՝ մեր հանրությանը ներկայացնելով օբյեկտիվ, անաչառ տեղեկատվություն՝ դրանով ստեղծելով այլընտրանք հանրության համար»,- իր ելույթում նշել է Սաթիկ Սեյրանյանը։

Սաթիկ Սեյրանյանն առաջին անգամ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ էր ընտրվել 2017 թվականի դեկտեմբերի 28-ին՝ 57 կողմ և մեկ դեմ ձայնով: