կարևոր
1762 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-29 18:34

ԵԽԽՎ-ն իր այս բանաձևով Ադրբեջանին ու Թուրքիային անպատժելիության ուղերձ է հղում. «Հայաստան» խմբակցության գնահատականը

ԵԽԽՎ-ն իր այս բանաձևով Ադրբեջանին ու Թուրքիային անպատժելիության ուղերձ է հղում. «Հայաստան» խմբակցության գնահատականը

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ներկայացնում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» թեմայով բանաձևի վերաբերյալ իր գնահատականը.

«1) 44-օրյա պատերազմի սանձազերծմանը, ադրբեջանա-թուրքական ագրեսիային, ուժի կիրառմանը, պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար սկզբունքների կոպիտ խախտումներին, ինքնորոշման իրավունքի նսեմացման ու մինչ օրս հայ ռազմագերիների առկայության փաստի, պատերազմից հետո Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ շարունակական ագրեսիայի իրականացման, թշնամական հռետորաբանության և ուժի ու ուժի սպառնալիքի շարունակական կիրառման վերաբերյալ` Եվրոպական կառույցները զբաղված էին ու զբաղված են խրախուսող աչքակապությամբ, իսկ արձագանքելիս փորձում են «հավասարության» նշան դնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ինչն անհեթեթություն է: Հատկանշական է, որ ռազմագերիների ապօրինի պահումից ավելի նվազ իրավունքների խախտումներով նույն կառույցը հանդես էր գալիս պետության նկատմամբ կոնկրետ սահմանափակումների (սանկցիաների) առաջարկով, իսկ այս դեպքում` Ադրբեջանին ու Թուրքիային անպատժելիության ուղերձ է հղում:

2) ԵԽԽՎ-ն որևէ կերպ չի անդրադարձել նախընտրական և հենց ընտրությունների օրը վարչական ռեսուրսի ու ընտրական արձանագրված այլ խախտումներին, շուրջ վեց ամիս ԱԺ երեք ընդդիմադիր պատգամավորների ապօրինի կալանավորմանը, ընդդիմադիր պատգամավորների տեղաշարժի հակասահմանադրական սահմանափակմանը, 2021 թվականին 80%-ից ավելի կալանավորումներին, քաղաքական հետապնդումներին և կալանքներին, «կալանքի դատարանների» ստեղծմանը:

3) ԵԽԽՎ-ն փաստորեն չի էլ արձագանքել դատարանների էլեկտրոնային մակագրման համակարգի՝ շուրջ ութ ամիս գործադիրի կողմից առգրավվման ու մինչ օրս բոլոր գործերի «ձեռքով» մակագրման հակասահմանադրական պրակտիկային կամ ՏԻՄ ընտրությունների ու հետընտրական փուլում ընտրողների կամքի անտեսման փաստերին:

4) ԵԽԽՎ «ժողովրդավարական» է համարում խոսքի ազատության նոր սահմանափակումները և չի էլ նկատել լրագրողների իրավունքների խախտման դեպքերը Ազգային ժողովում: Թվարկված բոլոր խնդիրների փաստական հանգամանքները դեռևս 2021 թվականի նոյեմբերի 4-ին ներկայացվել էին ԵԽԽՎ-ին՝ թե’ բանավոր, և թե’ գրավոր կարգով»:

Նշենք, որ Հունվարի 27-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընդունել է «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքը» բանաձևը, որով ժողովրդավարական նշանակալի առաջընթաց է գրանցել Հայաստանում: Բանաձևն  ընդունվել է 50 կողմ, 14 դեմ և 16 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Բանաձևի համահեղինակներն են Ֆինլանդիան ներկայացնող պատգամավոր Կիմմո Կիլյունենին և Շվեդիան ներկայացնող Բորիանա Աբերգը։ Բանաձևն անդրադառնում է 2018-ից ի վեր Հայաստանի շուրջ կարևորագույն զարգացումներին՝ Թավշյա հեղափոխությունից մինչև 2021 թվականի հունիս 20-ի ընտրություններ, համավարակից մինչև պատերազմ, դատաիրավական ու հակակոռուպցիոն բարեփոխումներից մինչև խոսքի ազատության սահմանափակումներ։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտնել էր, որ. «Բանաձևը բարձր է գնահատել 2018 թ-ին քաղաքական իշխանության փոփոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումը, ինչպես նաև 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված քաղաքական ճգնաժամի արդյունավետ հանգուցալուծումը, որը հաղթահարվեց 2021 թ. հունիսին կայացած խորհրդարանական ընտրությունների շնորհիվ»:

Փոխարենը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը դեմ է քվեարկել բանաձևին՝ եվրոպական կառույցներին կոչ անելով դադարել նայել տարածաշրջանին և Հայաստանին լայնորեն փակ աչքերով։ «Զեկույցում որևէ խոսք չկա մեր երկրում իրականացվող հակաօրինական գործընթացների մասին՝ դատարանների շրջափակում, Սահմանադրական դատարանի և ԲԴԽ-ի զավթում, քաղաքական բանտարկյալներ, մամուլի նկատմամբ բռնաճնշումներ, վարչական ռեսուրսի օգտագործմամբ ընտրություններ, բռնության կոչեր, ոստիկանապետության հաստատում և այլն»,- նշել  է Մամիջանյանը։