կարևոր
1945 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-29 12:15

Հանրապետության հիմնադիրը. այսօր Արամ Մանուկյանի հիշատակի օրն է

Հանրապետության հիմնադիրը. այսօր Արամ Մանուկյանի հիշատակի օրն է

«Երբ գիշերը գա, մտեք ձեր հոգիի սենյակը եւ խոսեցեք ձեր խղճի հետ եւ ըսեք, արդյոք աշխատե՞ր եք հայ ժողովրդի համար, ինչպես Արամը, եղե՞ր էք այնքան անձնազոհ, որքան Արամ, տվե՞ր էք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը»:

Նիկոլ Աղբալյան

«Ցույց տանք աշխարհին, որ Հայը ազատ անկախ ապրելու իրավունք ունի. այժմ կամ երբեք»: Իր այս կոչն իրականություն դարձրած, կորսված պետականությունը վերականգնած, Առաջին Հանրապետության հիմնադիր, Ներիքն գործերի նախարար Արամ Մանուկյանի հիշատակի օրն է այսօր:

Նա, մահացավ 1919թ-ի հունվարի 29-ին` 40 տարին չբոլորած, բծավոր տիֆից....

«Արամի հուղարկավորությունը համաժողովրդկան մեծ սուգ էր: Հազարավոր մարդիկ էին գալիս վերջին հարգանք մատուցելու այն մարդուն, որին վստահել էին իրենց բախտը ամենածանր օրերին:Դաշնակցության Տան առջև դամբանականներ խոսվեցին: Հոյակապ էր ու անմոռանալի մանավանդ Նիկոլ Աղբալյանի խոսքը: Հանգստարանում խոսեցին Քաջազնունին, Աբրահամ Գյուլխանդանյանը և ուրիշներ: Այդ օրը Հայաստանի մայրաքաղաքը համակված էր ընդհանուր սուգով…»,- գրության հեղինակը Արամ Մանուկյանի ընկերներից Արշալույս Աստվածատրյանն է: 

Բացառիկ հայրենասիրությամբ ու հեռատեսությամբ աչքի ընկած Արամ Մանուկյանը երիտասարդ տարիքից Դաշնակցության միջոցով նվիրվել է իր ժողովրդի ազատության գաղափարին:

Ծնվել է 1879թ.-ի մարտի 19-ին Զանգեզուրի գավառի Դավիթ Բեկ գյուղում (ծնունդով Զեյվա, այժմ` գյուղ Դավիթ Բեկ կամ, պատմաբան Արմեն Ասրյանի տվյալներով, Արցախի Շուշի քաղաք): Հայաստանի առաջին հանրապետության պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր, ներքին գործերի նախարար, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։ Ղեկավարել է Վանի ինքնապաշտպանությունը, եղել է Վանի նահանգապետ, Հայաստանի Հանրապետության հիմնադիրը: 

Վաղ տարիներ

Շուշիում դերձակություն անող եղբոր օգնությամբ ավարտելով Շուշիի Ագուլյաց ծխական ուսումնարանը՝ 1890 թվականին ընդունվել է Շուշիի թեմական դպրոցը։ Դաշնակցության ազդեցությամբ տեղի ունեցած խռովահույզ ցույցերից հետո, ընկերների հետ վտարվել է դպրոցից, ապա ընդունվել և ավարտել է Երևանի թեմական դպրոցը (1907 թվական)։ Ընդգրկվելով հայ ժողովրդի հակացարական պայքարի մեջ՝ 1901-1903 թվականներին գործել է Բաքվում, Գանձակում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում, Կարսում։ 1903 թվականից Կարսում զբաղվել է Արևմտյան Հայաստան զենք, զինամթերք, նաև կամավորական խմբեր փոխադրելով։ 1904-1908 թվականներին գործել է Վանում (որտեղ էլ նրան անվանել են Վանի Արամ), ապա Օրդու քաղաքում զբաղվել է ուսուցչությամբ, այնուհետև 2 տարի ապրել է Ժնևում։

Վանի 1915թ. ինքնապաշտպանության շնորհիվ ավելի քան 150 հազար վասպուրականցի փրկվեց թուրքական յաթաղանից: Արամ Մանուկյանի վճռականության շնորհիվ 1918թ. մայիսին Սարդարապատում, Բաշ-Ապարանում եւ Ղարաքիլիսայում հայկական կանոնավոր զորքն ու աշխարհազորը թշնամուն ջախջախեցին ու հայ ժողովրդին փրկեցին ոչնչացումից:

Նորանկախ Հայաստանի ստեղծման եւ նրա կայացման գործում ունեցած հսկայական ավանդի համար Արամ Մանուկյանն արժանացել է Հանրապետության հիմնադրի կոչմանը:

Անձնական պատասխանատվություն. Դիկտատոր

Հանուն ազգային շահերի նա երբեմն շրջանցում էր օրենքը` իր վրա վերցնելով ողջ պատասխանատ­վությունը։ Այս կապակցությամբ բնորոշ է ավազակային տարրերի պարագլուխ Չոլախ Գեւորգի մահապատիժը։ Այդ որոշումը Մանուկյանը կայացրեց ավազակային հարձակումները դադարացնելու մասին բազմաթիվ նախազգուշացումները անտեսելու, և ապա իշխանության դեմ ըմբոստանալու համար։

Հայրենիքի փրկության ճանա­պարհին գաղափարական-քաղաքական խոչընդոտների առաջ կանգ չէր առնում։ 

Կովկասյան ռազմաճակատում 1918 թվականի հունվարի 28-ից հարձակման անցած թուր­քական բանակը գրավեց Արեւմտյան Հայաստանը ու մոտեցավ Արեւելյան Հայաստանին։ Երեւանի նահանգի իշխանության հետագա ուժեղացման նպատակով 1918 թվականի մարտի 24-ին Երեւանի բնակչությունը, զորքը եւ Հայոց Ազգային խորհուրդը Արամին` իր կամային հատկանիշների շնորհիվ ընտրեցին Երեւանի նահանգի դիկտա­տոր` նրան օժտելով անսահմանափակ լիազորություններով։

Թուրքական զոր­քերը 1918 թվականի մայիսի 21-ին գրավեցին Երեւանից 30 կմ հեռու գտնվող Սարդարապատ կայարանն ու գյուղը, եւ ամբողջ սրությամբ դրվեց հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը։ Հայ քաղաքական գործիչները, զորքը, բնակչությունը հուսալքված էին, շրջանառության մեջ էին մտել Ս. Էջմիածնից ու Երեւանից նահանջելու մտքեր։ Արամն իր կազմակերպչական մեծ ունակություններով, շրջահայեցությամբ, թշնամուն դիմակայելու վճռականությամբ, մեծագույն եռանդով ու լավատեսությամբ կազմակերպվեց Սարդարապատի եւ Ապարանի հաղ­թական հերոսամարտերը, որոնք հայ ժողովրդին փրկեցին վերջնական բնաջն­ջումից և ապահովեցին հայոց անկախ պետականության վերականգնումը։

Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծում

1918 թվականի մայիսի 28-ին վերականգնվեց Հայաստանի անկախությունը. ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որով նշանավորվում է Արամ Մանուկյանի պետական գործունեության երրորդ փուլը, արդեն պետական` եզրաբանական առումով նույնպես։ 1918 թվականի մայիսի 30-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը իրեն հռչակել էր նորանկախ Հայաստանի գերագույն իշխանություն, սակայն Հ. Քաջազնունու կողմից ձեւավորվող ՀՀ կառավարությունը մոտ երկու ամիս հետո ժամանեց Երեւան։

Պետական իշխանությանը ու ժողովրդի ճակատագրին տեր կանգնելով` Արամ Մանուկյանն անմիջապես սկսեց Հայաստանի անկախությունը պետականության հիմքերի վրա դնելու գործը։ 1918 թվականի հունիսի կեսերին Արամը նախաձեռնեց Հայաստանի ժամանակավոր կառավարության` Երեւանի Ազգային խորհրդի վարչության ստեղծումը, մինչև Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ Երևան կժամաներ Թիֆլիսում ստեղծված Հայաստանի կառավարությունը (1918 թվականի հուլիսի 20)։ Արամ Մանուկյանը Վարչության նախագահն էր եւ զինվորական բաժնի վարիչը։

Երկու ամսվա ընթացքում Արամ Մանուկյանի կառավարությունը Հայաստանի պետականաշինության, կյանքի տարբեր ոլորտների գործունեության ու համեմատական կայունության գործում մեծ աշխատանք կատարեց։ Եվ 1918 թվականի հուլիսի 19-ին, Արամի վճռական պահանջից հետո միայն, Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի եւ Հ. Քաջազնունու կառավարության անդամները ժամանեցին Երեւան։ Հուլիսի 20-ին Երեւանի եւ Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդների համատեղ նիստում Արամը հայտնեց իշխանությունը ՀՀ «օրինավոր կառավարությանը» հանձնելու մասին եւ պատրաստականություն հայտնեց աջակցելու նրան «երկրում կարգ ու կանոն եւ տանելի կյանք ստեղծելու գործում»։ Սակայն «փաստօրէն կառավարութիւնը մնում էր Արամը…»։

Նոր կառավարության մեջ Մանուկյանը ներքին գործերի նախարար էր և այդ պաշտոնը վարել է մինչև մահը։

Ըստ ժամանակակիցների՝ Արամ Մանուկյանն իր նախաձեռնություններում անձնական շահախնդրություն երբեք չի հետապնդել։ Նա ապրել է հասարակ երևանցու նման։ Նա ամենօրյա անմիջական շփումների մեջ է եղել  իր ժողովրդի հետ։ Իրատես ու շրջահայաց, նպատակասլաց ու հետևողական, կազմակերպչական բացառիկ ձիրք, անկոտրում կամք և իր ժողովրդի ճակատագրի հանդեպ մեծագույն պատասխանատվություն ունեցող քաղաքական գործիչը հայ քաղաքական գործիչների փաղանգում  առաջիններից էր, որ հասկացավ` հայն իր պայքարում պետք է հույսը դնի բացառապես իր ուժերի, ազգային ինքնակազմակերպման վրա: Որպես նախարար էլ Արամ Մանուկյանը ժողովրդի սիրելին էր:

Նա զուսպ ու համեստ, անմռունչ կրել է սեփական ժողովրդի ցավերն ու դժվարությունները, հրաժարվել է բոլոր արտոնություններից, որոնցից կառավարության անդամները կարող էին օգտվել: Հրաժարվել է նաև ծառայողական ավտոմեքենայից: Դեռևս Վանում, երբ նրան այցելում է ընկերը` ականավոր գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանը, զարմանում է նրա կենցաղավարության վրա: Հետագայում Ռուբեն Տեր-Մինասյանն իր հուշերում գրում է. «…Չորս պատ, չորս աթոռ, ո՛չ սեղան, ո՛չ էլ մահճակալ…»:  Ժամանակակիցները պատմում են, որ նույնքան անշուք է եղել նաև Արամ Մանուկյանի Երևանի բնակարանը: Երբ ընկերներն այդ մասին դիտողություն են արել, նա պատասխանել է` «Դատարկ բաներով մի՛ մտահոգվեք»:

1919 թ. հունվարի 29-ին հայ ժողովրդի մեծագույն զավակն ու ազգային հերոսը մահանում է բծավոր տիֆից: Ըստ ժամանակակիցների՝ Արամ Մանուկյանի հուղարկավորությունը իսկական համաժողովրդական սուգի է վերածվել: Հանրապետության հիմնադրի հուղարկավորության ժամանակ Նիկոլ Աղբալյանը, արցունքն աչքերին, ասել է պատմական դարձած հետևյալ խոսքը.

«Երբ գիշերը գա, մտեք ձեր հոգու սենյակն ու խոսեք ձեր խղճի հետ և ասեք` արդյոք աշխատե՞լ եք հայ ժողովրդի համար, ինչպես Արամը, եղե՞լ եք այնքան անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը»:

Նորանկախ Հայաստանի ստեղծման եւ նրա կայացման գործում ունեցած հսկայական ավանդի համար Արամ Մանուկյանն արժանացել է Հանրապետության հիմնադրի կոչմանը:

2018-ին Հանրապետության 100-ամյակն էր, ինչի առիթով վերջապես Երեւանի կենտրոնում պետք է վեր խոյանար նրա հրաշակերտ արձանը։ Անգամ այս հարցում Արամ Մանուկյանին դժվարին փորձություն էր սպասվում։ Եղան կառավարական բազում խոչընդոտներ, արգելքներ, սակայն հաղթեց ողջախությունն ու պատմական արդարությունը:

Արամ Մանուկյանը պետության ծախսերով հուղարկավորվել է այժմյան Կոմիտասի անվան պանթեոնի տեղում գտնված գերեզմանատանը։ Խորհրդային տարիներին նրա աճյունը տեղափոխվել է Կոզեռնի գերեզմանատուն։ Այժմ մեծ հայրենասերը հանգչում է Երևանի Քաղաքային պանթեոնում։

2009 թ.-ի մայիսի 30-ին Երևանում ՀՀ Ոստիկանության շենքի դիմաց հանդիսավորությամբ բացվեց Արամ Մանուկյանի կիսանդրին (հեղինակ՝ Լևոն Թոքմաջյան)։

2009 թ.-ի դեկտեմբերի 20-ին Կապանի քաղաքապետարանի մերձակա հրապարակում բացվեց Արամ Մանուկյանի կիսանդրին (հեղինակը կրկին Լևոն Թոքմաջյանն է)։

Խորհրդային իշխանության անկումից հետո այն փողոցը, որտեղ ապրել է Արամ Մանուկյանը (Սպանդարյան փողոց) վերանվանվեց նրա անունով (Արամի փողոց)։

2018 թվականի հուլիսին Երևանում Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանի մոտ բացվել է Արամ Մանուկյանի հուշարձանը, որի հեղինակն էր քանդակագորձ Դավիթ Մինասյանը։

«Մենակ ենք եւ պետք է ապավինենք միայն մեր ուժերին»:

 «Ամեն ոք իր մասին է մտածում: Իր երկրի սահմաններից այն կողմ եթե նայող կա, նայում է միայն հանուն իր շահերի: Ոչ ոք ոչ մի մարդ չի ուղարկի տաճկական ճակատ՝ տուն գնացող ռուսներին փոխարինելու: Եթե ընդհանուր ուժերով ճակատ պահելու խոսք էլ է լինում, դա լոկ խոսք է՝ զուրկ իրական հիմքից ու անկեղծությունից: Հայերով ո՛չ ոք չի հետաքրքրվում, շոշափելի օգնություն հասցնելու մտքով: Դրա հակառակը, կա դավադրական վերաբերմունք: Մենակ ենք և պետք է ապավինենք միա՛յն մեր ուժերին՝ թե՛ ճակատը պաշտպանելու և թե՛ երկրի ներսը կարգ հաստատելու համար»:

«Ես մի քանի անգամ բախտ և դժբախտություն եմ ունեցել այսպիսի ճգնաժամային րոպեներին լինել իմ ժողովրդի մոտ, աշխատել եմ, որքան ներել են ուժերս և այժմ էլ խոսք եմ տալիս չխնայել ճիգ ու ջանք, անել այն, ինչ-որ կարող եմ. բայց դուք պիտի իմանաք, որ ես անուժ եմ առանց ձեզ: Հերոսը ինքը ժողովուրդն է և եթե ժողովուրդը պատրաստակամութիւն ունի իր բոլոր միջոցներով աշխատել ու փրկել հայությունը վերահաս կործանումից, ապա իմ և ինձ նման շատերի աշխատանքը ապարդյուն չի անցնի: Թող կեցցե հայ ժողովուրդը, որը իր սեփական ջանքերով, իր անձնազոհությամբ պիտի փրկե իրեն»

Արամ Մանուկյան