կարևոր
2122 դիտում, 4 ամիս առաջ - 2022-01-29 12:55

Փաշինյանը չի էլ հասկանում՝ ի՞նչ է Հայ դատը, փորձ է անում պառակտել հայ ժողովրդին. Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը չի էլ հասկանում՝ ի՞նչ է Հայ դատը, փորձ է անում պառակտել հայ ժողովրդին. Իշխան Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում թուրք-ադրբեջանական անհիմն թեզերն էր հիմնավորում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման դիտարկմամբ է հանդես եկել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի ընթացքում հնչած հայտարարություններին:

Ըստ Սաղաթելյանի՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է այն գիծը, թե ամեն ինչ նախապես էր որոշված, Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն արդեն ճանաչել էր, ամենն արդեն տրված էր.

«Այս խայտառակ ցնորամիտ և կեղծ գիծն է առաջ տանում՝ փորձելով հասարակության մոտ արդարանալ, թե ինքն այս ամեն ինչում մեղք չուներ: Սրանով նա մեծապես վնասում է առաջիկա բանակցություններին, ինչպես նաև ոտնահարում Հայաստանի և Արցախի շահերը»,-նշում է Իշխան Սաղաթելյանը:

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը երբեք Հայ Դատի քաղաքականություն չի վարել, Իշխան Սաղաթելյանը վստահ է՝«Փաշինյանը չի էլ հասկանում՝ ի՞նչ է Հայ դատը.

«Հայ դատի գրասենյակների կենտրոնական խորհուրդը մանրամասն անդրադարձել է իր այդ հայտարարությանը: Եթե խոսքը վերաբերվում է ցեղասպանության միջազգային ճանաչմանը,Հայ դատը միայն միջազգային ճանաչմամբ չի զբաղվում, Հայ դատը վերջին տարիներին գլխավորապես զբաղվում էր Արցախի հիմնահարցով և ամբողջ աշխարհին ներկայացնում էր Արցախի և արցախահայերի ինքնորոշման իրավունքի կարևորությունը, այս ֆոնին կանգնել ասել՝ Հայ դատը չէր զբաղվում այս հարցերով, ցույց է տալիս, որ նա չի էլ հասկանում՝ ինչ է Հայ դատը»,-նշել է Սաղաթելյանը՝ նկատելով, որ նման հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ «փորձ է անում պառակտել հայ ժողովրդին, նոր բաժանարար գծեր անցկացնել հայ ժողովրդի և Սփյուռքի միջև ՝ համարելով, որ Ցեղասպանության ճանաչման հարցը միայն Սփյուռքի խնդիրն է».

«Հայ մարդը, լինի Սփյուռքում , թե՝ Արցախում, ունի մեկ օրակարգ, մեզ համար անընդունելի են այս բաժանումները»,-ընդգծում է Իշխան Սաղաթելյանը:

Նիկոլ Փաշինյանը փորձում է Արցախյան բանակցությունների ողջ պատմությունն աղճատված ներկայացնել.

«Ինձ մոտ տպավորություն է, որ այդ մարդու ձեռքին փաստաթղթեր են ընկել 30 տարվա բանակցություններից, ինքն այդ փաստաթղթերից գտնում է մեզ համար ոչ նպաստավոր դրվագներ և ներկայացնում է դրանք՝ առանց հասկանալու, որ այդ նույն փաստաթղթերում կան հայկական կողմին ձեռնտու բազմաթիվ այլ դրվագներ:

Օրինակ՝ խոսում է մադրիդյան փաստաթղթերից, տարածքային ամբողջականության մասին, բայց մոռանում է, որ այդ փաստաթղթում հստակ կա ինքնորոշման իրավունքի հարց, որը պետք է լուծվեր հանրաքվեով: Պարզ է, որ այդ փաստաթղթերից որևէ մեկը 100% հայկական չի եղել, կամ 100% ադրբեջանական չի եղել, բայց գտնել այդ փաստաթղթերից մեզ ոչ ձեռնտու կետերը և սկսել դրանք հիմնավորել…., այդպիսի բաներ անում են թուրքերը և ադրբեջանցիները, ես այս ամենին այլ բացատրություն չունեմ»,-եզրահանգում է Սաղաթելյանը:

Նրա դիտարկմամբ՝ փորձ է արվում նաև հասարակությանը տրամադրել Արցախի կորստին, պարտությանը և տարածքային նոր զիջումներին.

«Նիկոլ Փաշինյանն ի վիճակի չէ պաշտպանել մեր ժողովրդի շահերը, իր իշխանությունը պահելու համար սկսել է հիմնավորել ադրբեջանական թեզերը, ժողովրդին էլ պատրաստում է նոր զիջումների: Երբն ինքն ասում է, թե ժողովրդի կողմից մանդատ ունի, սխալվում է, ժողովուրդն իրեն երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չի տվել: Ընտրությունների ժամանակ ժողովրդին խոստացել է խաղաղություն, անվտանգություն, սակայն բոլոր էլ հիմա հասկանում են, որ խաբել է, ինքը մեզ ոչ թե խաղաղության է տանում, այլ տանում է նոր աղետի և զիջումների»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին՝ Իշխան Սաղաթելյանն արձանագրում է, որ երկիրը մտնում է վտանգավոր նոր փուլ, ուստի նախագահին «փախուստ էր պետք».

«Աբսուրդն այն է, որ նախագահը հրաժարականի տեքստ է գրում այլ երկրից, սա այսօրվա իրավիճակի արտացոլանքն է,հեգնանք ու ծաղր՝ մեր ժողովրդի նկատմամբ, ուրիշ բացատրություն չկա»,-ասաց նա:

Ընդդիմությանն առաջիկայում պայքարի թափը կավելացնի.

«Խնդիր է՝ ե՞րբ, ո՞նց և ինչպե՞ս անենք, որ դա մեծ ծավալ ստանա և դառնա համաժողովրդական պայքար»,-ասաց Իշխան Սաղաթելյանը: