կարևոր
1630 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-28 20:18

Հայ գերիները հարազատների հետ կապի հնարավորություն են ունեցել

Հայ գերիները հարազատների հետ կապի հնարավորություն են ունեցել

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Նրա խոսքով` Ադրբեջանի իշխանությունները թույլ են տվել հանդիպել բոլոր այն անձանց, ում գերեվարման փաստը պաշտոնապես հաստատված է եղել այդ երկրի իշխանաթյունների կողմից։ Նրանց թվում են ինչպես 2020–ի պատերազմի, այնպես էլ 2021թ–ի նոյեմբերին տեղի ունեցած հարձակման հետևանքով գերեվարվածները։

«Տեսակցությունների շրջանակում նաև հնարավորություն է տրվել կապի տարբեր միջոցներով հարազատների հետ կապ հաստատել»,- հայտնել է Ամատունին` մեկնաբանելով, որ խոսքը թե՛ նամակների փոխանակման, թե՛ տեսագրված ուղերձների ու նաև հեռախոսազանգերի մասին է։

Գերիների հարազատները ԿԽՄԿ-ի միջոցով նախապես Հայաստանից նամակներ ու տեսաուղերձներ են փոխանցել գերիներին, իսկ նրանք Ադրբեջանից պատասխան նամակներ ու տեսաուղերձներ բերել Հայաստան։ Հարցին, թե որ օրն է տեղի ունեցել հանդիպումը, ԿԽՄԿ ներկայացուցիչը չի հստակեցրել։ 

«Քանի որ դրանք առանձնազրույցներ են, հասկանալի է, որ խոսքը մեկ օրվա աշխատանքի մասին չէ, մի քանի օրվա ընթացքում է տեղի ունեցել։ Իսկ, քանի որ նման հանդիպումների պարբերականությունը ամսական է, մենք ուղղակի հունվար ենք նշում է` առանց օրը հստակեցնելու։ Հունվարը նշում ենք որպես հերթական ամիս, երբ մեզ հնարավորություն տրվեց հերթական հանդիպման»,- ասել է Ամատունին։