Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-ամյակը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները երեկ եւ այսօր այցելել են առաջնագծի տարբեր հատվածներ՝ ծանոթացել ծառայության պայմաններին, առկա իրավիճակին։ Պատգամավորները եղել են Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի եւ Արարատի զորամասերում եւ դիրքերում։ Մի խումբ այցելել է Արցախ։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իր շնորհավորական ուղերձն է հղել Հայոց բանակին ՀՀ սահմանի կարևորագույն դիրքերից: «Հայոց ավանդական մարտական ոգին, ազգային համերաշխությունն ու միասնությունը, ազգային գաղափարական զարթոնքը վերականգնելու, ազգի անկումը և մեր ինքնիշխանության կործանումը թույլ չտալու նպատակով կազմավորված Դիմադրության շարժմանը զարկ տալու համար նորից միավորենք ազգի պետականամետ, կարող ուժերը և օբյեկտիվորեն գնահատելով դեպի մեզ ուղղված մարտահրավերները, միջազգային հավասարակշռված համագործակցություն վարելով՝ համախմբվենք հայոց բանակի սպայի՝ զինվորական մտավորականության շուրջ և ավելի գոտեպնդվենք՝ հայ ժողովրդի ապրելու իրավունքը, մեր պետականությունը պաշտպանելու հրամայականով»,- նշել է Օհանյանը:
Օրվա ավարտին կամփոփենք այցելությունների արդյունքները նոր տեղեկություններով, լուսանկարներով և տեսանյութերով:
Հիշեցնենք, որ ՀՀ Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված պաշտոնական որևէ միջոցառում այսօր չի լինելու: ԳՇ պետի, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, որի պատճառով, ինչպես հայտնել է ՊՆ-ն, հունվարի 28-ին նախատեսված զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը, որը պետք է կայանար «Դվին» հյուրանոցային համալիրի մեծ սրահում, հետաձգվել է:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը եւս վարակվել է կորոնավիրուսով: Այս անձանց մեծ մասը մասնակցել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքին: