կարևոր
1438 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-28 13:45

Գլուխ եմ խոնարհում մեզ ու մեր Հայրենիքը պաշտպանելիս հերոսաբար ընկած մեր բոլոր հայրենակիցների հիշատակի առաջ. ՀՀ ՄԻՊ

Գլուխ եմ խոնարհում մեզ ու մեր Հայրենիքը պաշտպանելիս հերոսաբար ընկած մեր բոլոր հայրենակիցների հիշատակի առաջ. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ:

«Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգարժա՛ն զինվորներ, ենթասպաներ, սպաներ և գեներալներ, Մեր բանակը մեր անկախության և բոլորիս անվտանգութան, ամուր պետականության գլխավոր երաշխիքերից է, յուրաքանչյուրիս հպարտությունը: Իսկ բանակի ամրության գլխավոր երաշխիքներից է Զինված ուժերում մարդու պաշտպանված իրավունքները: Բանակում պետք է լինի ամուր կարգապահություն, որ հիմնված է իրավունքի գերակայության վրա: Մեր զինուժը պետք է լինի ժողովրդավարական այնպիսի վերահսկողության ներքո, որտեղ այս երկու բաղադրիչներն իրար լրացնում են:

Պետք է մշտապես բարձր պահել հասարակությունում սպայի և զինվորական ծառայության նկատմամբ պատիվն ու հարգանքը, այնպես անել, որ բարձր լինի բանակում բարոյահոգեբանական մթնոլորտը:

Անհրաժեշտ է զարգացնել կանանց ներգրավվածությունը Զինված ուժերում` նրանց պաշտպանված իրավունքներով:

Պետք է հատուկ ուշադրության ներքո լինեն զինծառայողների ընտանիքները: Անհրաժեշտ է պաշտպանված պահել հաշմանդամություն ստացած, ինչպես նաև կենսաթոշակի անցած զինծառայողների իրավունքները. չպետք է թույլ տալ նրանց որևէ տեսակի մեկուսացում: Պետք է ամեն գնով վերադարձնենք միջազգային բոլոր կանոնների բացահայտ խախտմամբ գերության մեջ պահվող մեր զինծառայողներին, նրանց վերինտեգրենք մեր հասարակություն ու այնպես անենք, որ նման որևէ դեպք տեղի չունենա հետագայում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասնագիտացված բաժին, որն իրականացնում է անընդհատ այցեր, բողոքների քննություն, ինչպես նաև օրենսդրության կատարեագործմանն ու իրենց իրավունքների վերաբերյալ զինծառայողների իրազեկման բարձրացման աշխատանքներ։ Պաշտպանության նախարարության հետ մեր ամենօրյա համագործակցության նպատակն է համատեղ ջանքերով հասնել բանակում իրավունքի գերակայության ամրապնդմանը և զինծառայողների իրավունքների երաշխավորված պաշտպանությանը։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս նվիրական տոնի` Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ։

Անձամբ իմ և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ոզջ անձնակազմի անունից գլուխ եմ խոնարհում մեզ ու մեր Հայրենիքը պաշտպանելիս հերոսաբար ընկած մեր բոլոր հայրենակիցների հիշատակի, նրանց հերոս ընտանիքների առաջ: Բարի ծառայություն ու նորանոր ձեռքբերումներ՝ հանուն մեր հզոր Հայաստանի»: