կարևոր
3013 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-28 13:35

Հավատում ենք մեր բանակի փառապանծ ապագային՝ հանուն Հայի և Հայաստանի. 5165 շարժում

Հավատում ենք մեր բանակի փառապանծ ապագային՝ հանուն Հայի և Հայաստանի. 5165 շարժում

«5165 շարժումը», անկախ իր քաղաքական դիրքորոշումներից, կանգնած է և կանգնելու է Հայոց բանակի կողքին: Շարժման տարածած հայտարարության մեջ ասված է.

«Բանակի օրվա առթիվ շնորհավորում ենք մեր բոլոր հայրենակիցներին, բոլոր նրանց, ովքեր սրտացավ են մեր պետության, պետականության ճակատագրի հարցում, ովքեր գտնում են, որ Հայոց բանակն է մեր պետականության երաշխիքը, ովքեր խոսքով և գործով սատար են կանգնում Հայաստանի զինված ուժերին:

Մեր երախտագիտության խոսքն ենք հղում Հայոց բանակի սպաներին ու զինվորներին, բանակի բնականոն գործունեությունն ապահովող բոլոր այն պատասխանատուներին, ովքեր Հայաստանի ռազմապես հզորացումը իրենց առաքելությունն են համարում:

Մեր խոնարհումն ենք բերում հանուն հայրենիքի նահատակված մեր քաջորդիների անմահ հիշատակին, մեր վշտակցությունն ենք հայտնում նրանց մայրերին, հայրերին, ընտանիքի անդամներին ու հարազատներին: Մեր բարոյական պարտքն է իմաստավորել նրանց անգին զոհողությունը:

Մեր զորակցությունն ենք հայտնում հանուն հայրենիքի վիրավորում ստացած մեր զինվորներին, սպաներին, կամավորներին: Մեր բարոյական պարտքն է հնարավորինս վերականգնել նրանց կորցրած առողջությունը:

Մենք վստահում ենք Հայոց բանակին, հավատում մեր զինվորի և սպայի մտքի ու զենքի զորությանը, հավատում մեր բանակի փառապանծ ապագային՝ հանուն Հայի և Հայաստանի:

Տոնդ շնորհավո՛ր, Հայո՛ց բանակ: