կարևոր
2350 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-28 12:55

Մեր աղոթքն առ Աստված՝ մեր քաջարի զավակների հոգիների հանգստության համար. Վեհափառի առաջնորդությամբ հոգևոր դասը Եռաբլուրում էր

Մեր աղոթքն առ Աստված՝ մեր քաջարի զավակների հոգիների հանգստության համար. Վեհափառի առաջնորդությամբ հոգևոր դասը Եռաբլուրում էր

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևոր դասի ուղեկցությամբ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ 

«Այսօր մեր բանակի օրն է, և մենք միաբան մեր հայրերի հետ բարձրացանք այստեղ, որպեսզի մեր աղոթքն առ Աստված բարձրացնենք, մեր քաջարի զավակների հոգիների հանգստության համար։ Ինչպես նաև հայցենք, որ Տերը օրհնի մեր ժողովրդի կյանքը` ապրելու խաղաղության և ապահովության, բարօրության մեջ։ Նաև մեր հայցն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի Տիրոջ օրհնությամբ զորանա Հայոց բանակը և պաշտպանի խաղաղ, անվտանգ կյանքը մեր երկրի, մեր ժողովրդի»,-լրագրողների հետ զրույցում ասաց կաթողիկոսը։

Իսկ հունվարի 27-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում Հայոց բանակի օրվա կապակցությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք, այնուհետ Հայոց բանակի զինվորականներ և հոգևորականներ պարգևատրվեցին Բանակի օրվա առիթով:  

Նշենք, որ պատերազմից հետո Գարեգին Բ-ն Եռաբլուր կամ Ցեղասպանության հուշահամալիր այցելում է իշխանության ներկայացուցիչներից առանձին, մինչդեռ նախկինում այդպես չէր:

Առավոտյան եռաբլուր են այցելել պաշտոնյաները և իշխանական պատգամավորները: Իսկ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները Հայոց բանակի 30-ամյակը նշանավորելու համար մեկնել են առջնագիծ: «Հայաստան» խմբակցության պատգամավորական խմբերն այս օրերին ՀՀ մարտական դիրքերում են՝ զորակցություն հայտնելու հայ զինվորին ու սպային:

Ինչպոս հայտնել ենք, ՀՀ Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված պաշտոնական որևէ միջոցառում այսօր չի լինելու:  ԳՇ պետի, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, որ պատճառով, ինչպես հայտնել է ՊՆ-ն, հունվարի 28-ին նախատեսված զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը, որը պետք է կայանար «Դվին» հյուրանոցային համալիրի մեծ սրահում, հետաձգվել է:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը եւս վարակվել է կորոնավիրուսով: Այս անձանց մեծ մասը մասնակցել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքին: