կարևոր
2257 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-27 21:22

Համախմբվենք և գոտեպնդվենք հայոց բանակի շուրջ. «Հայաստան» խմբակցությունը Հայոց բանակի տոնին կլինի մարտական դիրքերում, հայ զինվորի կողքին

Համախմբվենք և գոտեպնդվենք հայոց բանակի շուրջ. «Հայաստան» խմբակցությունը Հայոց բանակի տոնին կլինի մարտական դիրքերում, հայ զինվորի կողքին

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-ամյակը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները կնշանավորեն տարբեր զորամասեր այցելելով:

Պատգամավորական խմբերը տարբեր ուղղություններով այս օրերին կլինեն Հայաստանի Հանրապետության սահմանների մարտական դիրքերում՝ զորակցությունը հայտնելու հայ զինվորին ու հրամանատարությանը: 

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իր շնորհավորական ուղերձն է հղել Հայոց բանակին ՀՀ սահմանի կարևորագույն դիրքերից: «Հայոց ավանդական մարտական ոգին, ազգային համերաշխությունն ու միասնությունը, ազգային գաղափարական զարթոնքը վերականգնելու, ազգի անկումը և մեր ինքնիշխանության կործանումը թույլ չտալու նպատակով կազմավորված Դիմադրության շարժմանը զարկ տալու համար նորից միավորենք ազգի պետականամետ, կարող ուժերը և օբյեկտիվորեն գնահատելով դեպի մեզ ուղղված մարտահրավերները, միջազգային հավասարակշռված համագործակցություն վարելով՝ համախմբվենք հայոց բանակի սպայի՝ զինվորական մտավորականության շուրջ և ավելի գոտեպնդվենք՝ հայ ժողովրդի ապրելու իրավունքը, մեր պետականությունը պաշտպանելու հրամայականով»,- նշել է Օհանյանը:

Պատգամավորների մյուս խումբն արդեն ՀՀ հյուսիս-արևելյան զորամասում է: 

Հիշեցնենք, որ ՀՀ Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված պաշտոնական որևէ միջոցառում վաղը չի լինի: Պաշտպանության նախարարությունից այսօր հայտնել են, որ հունվարի 28-ին նախատեսված զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը, որը պետք է կայանար «Դվին» հյուրանոցային համալիրի մեծ սրահում, հետաձգվել է: 

ԳՇ պետի, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ երեկ պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը եւս վարակվել է կորոնավիրուսով: Այս անձանց մեծ մասը մասնակցել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքին: