կարևոր
1507 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-27 19:20

Վարնկաթաղի արծիվն այսօր կդառնար 35 տարեկան

Վարնկաթաղի արծիվն այսօր կդառնար 35 տարեկան

Այսօր` հունվարի 27-ին, Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, ազատամարտիկ, Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Արշակ Մելիքյանի ծննդյան օրն է: «Վարնկաթաղի արծիվ» անունը ստացած Արշակ Մելիքյանը կդառնար 35 տարեկան:

Նա զոհվեց Արցախի և Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական համատեղ ուժերի սանձազերծված պատերազմում` հոկտեմբերի 7-ին Արցախի հյուսիսարևելյան Վարնկաթաղ բլուրի գրավման ժամանակ: Կուսակից և զինակից ընկերների հետ հաջողվեց թշնամու ձեռքից հետ վերցնել կարևոր ռազմավարական բլուրը, սակայն, ցավոք, Արշակն ու նրա 23 կուսակից ընկերներն ընկան հայրենի հողը պաշտպանելիս:

Արշակ Մելիքյանը Պռոշյան գյուղից էր: ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի կազմում ընդգրկվելով՝ նա պատերազմի առաջին իսկ օրերին ընկերների հետ մեկնեց  առաջնագիծ` չսպասելով որդու ծնվելուն։ «Տիգրանն առանց ինձ էլ կծնվի»,- մեկնելուց առաջ ասել էր Արշակը: Տիգրանը ծնվեց հոր զոհվելուց մի քանի օր անց` հոկտեմբերի 23-ին:

Դաշնակցական հայորդու աճյունն ամփոփված է հայրենի Պռոշյան գյուղի «Զորաց» պանթեոնում` զինակից և կուսակից ընկերների կողքին:

2021թ.-ի ապրիլի 14-ին ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ-ի գումարտակի նահատակների պարգեւատրման արարողության ժամանակ ԼՂՀ «Արիության համար» մեդալով հետմահու պարգեւատրվել է նաեւ Արշակ Մելիքյանը։ Մեդալն ստացել են Արշակի ավագ դուստրը՝ առաջին դասարանում սովորող Անահիտը, ու Արշակի եղբայրը՝ Հարութը։ Կինը՝ Նարինե Խաչատրյանը, ասում է, որ Արշակի զոհվելուց հետո աղջիկներին՝ Անահիտին ու Արաքսին, հավատացրել են, թե «պապան արծիվ է դարձել, երկնքում է հիմա»։ Երեխաներն էլ անընդհատ նայում են երկնքին՝ այնտեղ փնտրելով ճախրող արծիվներին ու արծիվ դարձած հորը:

Այսօր նրա շիրիմին են այցելել հարազատները, համագյուղացիները, զինակից ընկերներն ու կուսակիցները, ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը և այլք, նրանք, ովքեր պատիվ են ունեցել ճանաչելու հայի ու Հայաստանի ցավով ու ուրախությամբ ապրած Արշակ Մելիքյանին: