կարևոր
1261 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-27 16:42

Թուրք նախարարն է տեղեկացնում ՀՀ արտգործնախարարի այցելության մասին

Թուրք նախարարն է տեղեկացնում ՀՀ արտգործնախարարի այցելության մասին

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու հայ-թուրքական բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը կմասնակցեն մարտի 11-13-ը Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին: Այս մասին, ինչպես վերջին շրջանում Թուրքիայի հետ կարևոր գործընթացների մասին, իմանում ենք, ոչ է ՀՀ պաշտոնական աղբյուրներից, այլ առաջինը հայտարարում է Թուրքիայի արտգործնախարարը։ Ինչպես Dailysabah-ն է հայտնում՝ Մևլյութ Չավուշօղլուն այս մասին հայտարարել է այսօր:

Մեկ շաբաթ առաջ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել էր, որ Հայաստանը հրավիրվել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Անթալիայի դիվանագիտական ֆորումը կանցկացվի մարտի 11-14-ը: 

Հայաստանի ԱԳ նախարարությունը հայտնել էր, որ Արարատ Միրզոյանը ստացել է ֆորումին մասնակցելու հրավերը, և քննարկվում է միջոցառմանը մասնակցության նպատակահարմարությունը։

Երկուշաբթի էլ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսին հայտարարել էր, թե հավանականությունը մեծ է, որ Հայաստանը կընդունի Անթալիայի ֆորումին մասնակցելու Թուրքիայի հրավերը։

Թուրքական մամուլը Անթալայիայի ֆորումը բնութագրում է որպես «տարածաշրջանային խնդիրների լուծման հարթակ»։ Թուրքական ԶԼՄ-ները նշում են, որ Հունաստանը, Հայաստանը, Եգիպտոսը ու Իսրայելը կարող են լինել նոր մասնակիցները, որոնց հետ արդեն հարաբերությունների կարգավորման բանակցություններ են ընթանում։ Նշվում է, թե դիվանագիտական ֆորումը կարևոր դեր է խաղում Թուրքիայի ու հարևան պետությունների բանակցություններում, որոնք լավ մակարդակում չեն։ Նշենք, որ նախորդ տարվա՝ 2021թ-ի ֆորումին մասնակցել էին պետությունների ու կառավարությունների 11 ղեկավար, արտաքին գործերի 45 նախարար և ներկայացուցիչներ նախարարների մակարդակով։

Լուսանկարում՝ 2021 թվականի հունիսին կայացած ֆորումին Իրանի արտգործնախարար Զարիֆն է՝ ելույթ ունենալիս: