կարևոր
1336 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-27 13:08

Արցախը երբեք Ադրբեջանի առաջին հանրապետության կազմում չի եղել

Արցախը երբեք Ադրբեջանի առաջին հանրապետության կազմում չի եղել

Lragir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը.

Պարոն Խաչատրյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի խորհրդարանի կողմից 1992 թվականին վավերացված համաձայնագիր կա, որով արձանագրվում է, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները։

- Սկսենք նրանից, որ ՀՀ Գերագույն խորհուրդն ընդունել է որոշում, որով արգելվում է ՀՀ կառավարությանը՝ համաձայնել Արցախի այնպիսի կարգավիճակի, որով Արցախը դիտվում է Ադրբեջանի մաս։ Եթե Փաշինյանը փորձում է հանրությանը մոլորեցնել և հղում է կատարում 1992 թվականի ԱՊՀ կանոնադրությանը, ես իրեն խորհուրդ կտամ ծանոթանալ Ղրիմի փորձին։ Եթե իր ասածը համապատասխանում է իրականությանը, ուրեմն թող ինքը փորձի բացատրել, թե Ղրիմի հարցն ինչպե՞ս լուծվեց, չէ՞ որ Ռուսաստանն էլ էր այդ կանոնադրությունն ստորագրել, Ուկրանիան էլ, մյուս պետություններն էլ։ Բայց Ղրիմը, ազգերի ինքնորոշման վրա հղում կատարելով, հանրաքվե անցկացրեց և միացավ Ռուսաստանին։ Ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը սեփական ձախողումներն արդարացնելու համար ոչ միայն աղճատում է անցյալը, այլ նաև կասկածի տակ է դնում մեր ապագան։ Այնպիսի տպավորություն է, որ ինքն Ադրբեջանից ավելի ադրբեջանամետ է։

Դուք դիտարկում եք արել, որ տարիներ շարունակ հայկական կողմը ազգերի ինքնորոշման հարցն է բարձրացրել, բայց հիմա Փաշինյանը խոսում է միայն տարածքային ամբողջականության հարցի մասին։ Ի՞նչ վտանգներ է սա պարունակում։

- Այո, Փաշինյանը փորձում է սեփական ձախողումներն արդարացնել և իր այդ փնտրտուքի հարցում որևէ խտրականություն չի դնում մեթոդների միջև։ Հիմա փաստորեն ինքը դարձել է տարածքային ամբողջականության թեզի ջատագովը։ Տարածքային ամբողջականության թեզը նա փորձում է ավելի վեր դասել, քան ազգերի ինքնորոշման թեզը և խեղաթյուրում է ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի հարաբերակցությունը միջազգային իրավունքում։

Եվ այդ համատեքստում ես խորհուրդ կտայի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հայտարարության հետ ծանոթանալ։ Արդարադատության միջազգային դատարանը 2010 թվականի հուլիսի 22-ի խորհրդատվական որոշմամբ ուղղակի արձանագրել է՝ «տարածքային ամբողջականության սկզբունքի կիրառման ոլորտը սահմանափակվում է ճանաչված պետությունների հարաբերությունների ոլորտով»։ Որպես եզրակացություն՝ դատարանն ընդունել է, որ միջազգային իրավունքը չի արգելում անկախության միակողմանի հռչակումները։ Ադրբեջանն է միշտ հանդես եկել տարածքային ամբողջականության տեսանկյունից և հայտարարել այդ մասին։ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը և ընդհանրապես համայն հայ ժողովուրդը հանդես են եկել ազգերի ինքնորոշման սկզբունքի օգտին՝ ասելով, որ դա Հելսինկյան եզրափակիչ ակտի, ԵԱՀԿ հիմնարար սկզբունքներից մեկն է, և մենք դրանով ենք առաջնորդվում։ Եվ ընդհանրապես, եթե Փաշինյանը փորձում է հետ գնալ անցյալ, հիշեցնեմ նրա պնդումը, որ «1992 թվականին Արցախը անկախություն հռչակեց Ադրբեջանից», մինչդեռ Արցախը, ՍՍՀՄ օրենսդրության հիման վրա, սեպտեմբերի 2-ին հանրապետություն հռչակվեց։ Դա նույնպես ցույց է տալիս Փաշինյանի անտեղյակությունը Արցախյան հարցի ու հայ ժողովրդի պատմության հարցում։ Արցախի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել մինչև Ադրբեջանի կողմից Սովետական Միությունից իր անկախության հռչակումը։

Դրանից բացի, ես ուզում եմ հիշեցնել, որ 1991 թվականի հոկտեմբերի 18-ի սահմանադրական ակտով Ադրբեջանը հրաժարվել է ԽՍՀՄ իրավահաջորդությունից՝ իրեն հռչակելով 1918-1920 թթ․ Ադրբեջանի առաջին հանրապետության իրավահաջորդ։ Արցախը երբեք Ադրբեջանի առաջին հանրապետության կազմում չի եղել։ Ես հիշեցնեմ, որ այդ ակտը ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ բառացի կարդացի Նիկոլ Փաշինյանի համար, ինքը խոստացավ այդ փաստաթղթի հետ ծանոթանալ։ Այսինքն՝ բավարար հիմքեր ունեմ պնդելու, որ այդ փաստաթղթի հետ էլ ինքը ծանոթ չէր։ Որպեսզի Փաշինյանն արդարացնի իր ձախողումները, որևէ միջոցի մեջ խտրականություն չի դնում և ոչ մի բանի առաջ կանգ չի առնում՝ աղճատելով նաև պատմությունը և փորձելով վարկաբեկել մեր դիրքորոշումը, որով հանդես ենք գալիս մոտ 30 տարի։

Այս քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի համար ի՞նչ վտանգ է ներկայացնում։

- Սրանով Փաշինյանը փաստացի հրաժարվում է Արցախի անվտանգության և անկախության երաշխավորը լինելու Հայաստանի հանձնառությունից, ձեռքերը լվանում է Արցախի հարցից։ Փաշինյանը, որը դեռևս 2018-2019 թվականներին հանդես էր գալիս «Արցախը Հայաստան է և վերջ» կագախոսի ներքո, Փաշինյանը, որը շարունակեց հարավային ճանապարհի շինարարությունը՝ Կապանից դեպի Ջրական, Փաշինյանը, որը խոսում էր Արաքսավանի բնակեցման մասին, հանկարծ ասում է՝ Արցախը կորցրել էր նույնիսկ տեսական հնարավորությունները՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելու համար։ Թող ինքը հասկանա ու փորձի մեկնաբանել իր այս դիրքորոշումների 180 աստիճանով փոփոխությունը։ Իր քաղաքականությամբ ինքը փաստացի հայտարարում է, որ Հայաստանը չի կարող շարունակել Արցախի հանդեպ իր պարտավորությունների կատարումը, Արցախը չի կարող լինել Ադրբեջանից անկախ։ Եվ դրանով ինքը ոչ միայն մեր անցյալի հաղթանակներն է ջուրը գցում, ոչ միայն մեր բանակցային ներկա դիրքերն է թուլացնում, այլ նաև փորձում է ապագայում մեզ զրկել այդ հարցերին հետամուտ լինելու հնարավորություններից։

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող