կարևոր
1366 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-26 11:03

30 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Քարին տակի հերոսամարտը

30 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Քարին տակի հերոսամարտը

Ուղիղ 30 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Քարին տակի հերոսամարտը...Արցախյան գոյապայքարի համար 1992 թ. հունվարի  26-ը բեկումնային եղավ. Քարին տակի հերոսամարտը վճռեց պայքարի ելքը` հող նախապատրաստելով հետագա հաղթանակների և առաջին հերթին Շուշիի ազատագրման համար: 

Քարին տակը Շուշիին ամենամոտ գյուղն է: Շուշիի կիրճում՝ Կարկառ գետի ձախ ափին է ծվարած արծվաբույն Քարին տակը: Առաջին հայացքից աննշան ու փոքրիկ այս հայկական գյուղն 90-ական թվականներին իսկական պատուհաս էր դարձել ադրբեջանցիների համար: Գյուղը մինչ 1992 թվականի հունվարյան հայտնի դեպքերը պարբերաբար ստուգումների է ենթարկվել խորհրդային բանակի զինվորների, հետագայում նաև օմոնականների կողմից՝ նպատակ ունենալով զինաթափել գյուղը, մինչդեռ գյուղացիները վարպետորեն կարողացել են թաքցնել տարբեր միջոցներով ձեռք բերված որսորդական, ինքնաշեն հրացանները, նռնակներն ու ինքնաձիգները: Գյուղի բնակիչները շատ լավ են հիշում հունվարյան այս օրը. 1992թ. հունվարի 25-ի լույս 26-ի գիշերը Քարին տակ գյուղում իրադրությունն անհանգիստ էր: Շուշիի սարահարթից թշնամին անցել էր նախադեպը չունեցող հարձակման: 

1992 թվականի հունվարի 26-ին ադրբեջանցիները գիշերը Ներքին Զարսլուի կողմից շրջապատել էին ողջ գյուղը։ Բացի այդ, Շուշիի ժայռի երկայնքով գնդացիրներ էին տեղադրել ու այնտեղից կրակի տակ էին պահում ամբողջ տարածքը։ Իսկ Զաստավայի կողմից կրակում էին զրահամեքենաները։ Գործողությունն իրականացվում էր անմիջապես մայոր Նուրեդդին Աբդուլլաևի կողմից և ղեկավարվում Շուշի ժամանած Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-մայոր Տաջեդդին Մեհտիևի կողմից։

«Ազգ» թերթ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանության կենտրոնական շտաբից ստացած տեղեկությունների համաձայն՝ հունվարի 26-ին ազերի հրոսակները՝ թվով 250-300 հոգի, մինչև ատամները զինված, հարձակվել են Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի վրա»։

Ըստ Արկադի Տեր-Թադևոսյանի հուշերի՝ Քարին տակը, որտեղով անցնում էր Շուշիից Ստեփանակերտ ճանապարհը, կարևոր դեր ուներ Ստեփանակերտի պաշտպանության գործում։ Այն մատույցները, որտեղով տանկերի անցնելու վտանգ կար, ականապատված էին, իսկ գյուղում խրամատներ էին փորված։ Գյուղի վրա գրոհումը հանձնարարված էր Ադրբեջանի Հանրապետության՝ Շուշի եկած կանոնավոր գումարտակին։

Գյուղի պաշտպանների հմուտ գործողությունների շնորհիվ՝ թշնամին ջախջախվեց՝ ռազմի դաշտում թողնելով 92 զոհ։ 

Ինքնապաշտպանության մեկ այլ մասնակից՝ Արսեն Ավանեսյանը, պատմում է, որ մինչև մարտը գյուղն ամբողջությամբ շրջապատված էր, և կար գյուղը ոչնչացնելու հստակ որոշում։ ադրբեջանցիները մոտ 300 հոգի էին, հիմնականում, Բաքվից, իսկ տեղանքին քաջածանոթ գյուղի պաշտպանները 80-ն էին։

«Նրանք Շուշիից ուղեկցողներ ունեին, որոնք գիտեին՝ որտեղից մտնել, ինչ անել, բայց նրանք մի քանիսն էին, իսկ մնացածը չգիտեին»։ Չնայած, որ թշնամին մարդաքանակով և զենքի քանակով գերազանցում էր մի քանի անգամ, ադրբեջանցիները պարտությունից հետո հերոսական Քարին տակը կոչեցին «Արյունոտ ձոր»։

Մարտի ժամանակ առաջին դիրքի- Խաչին սեռի շրջակայքում ադրբեջանցիները թողնելով 30-ից ավելի զոհ, հետ քաշվեցին։ Տեսնելով, որ առաջին դիրքում պարտություն կրեցին, նրանք գրոհն ուժեղացրին երկրորդ և երրորդ դիրքերի ուղղությամբ։ Հայկին արտ կոչվող տեղամասից դեպի գյուղ էր շարժվում մոտ երեսուն մարդ՝ սպիտակ «մասխալաթներով»։ Դա տեսնելով, գյուղացիները ոգևորվեցին՝ կարծելով, թե դա Շոշի Ագոյի ջոկատն է, քանի որ նրանք արդեն տեղյակ էին իրադրության մասին։ Սակայն, ինչպես պարզվեց հետագայում, Շոշի ջոկատը գյուղամերձ անտառներում հանդիպել էր պատնեշի։ Թշնամին կանխատեսել էր, որ հարևան գյուղերից կարող են օգնության գալ, և նախօրոք զինված խմբեր էր ուղարկել այդ ուղղություններով։

«Մասխալաթավորները», առանց որևէ դիմադրության հանդիպելու, ընդհուպ մոտեցան գյուղին, և հանկարծակի ու անկանոն կրակահերթ բացեցին գյուղացիների ուղղությամբ։ Ապա ադրբեջանցիները զրահամեքենայի ուղեկցությամբ մտան երրորդ դիրք, սակայն զրահամեքենան պայթեց ականի վրա։ Հարևան գյուղերի ջոկատներին հաջողվեց ճեղքել թշնամու շղթան և մոտենալ գյուղին, իսկ այդ հատվածն աստիճանաբար անցավ գյուղացիների հսկողության տակ։ Արևելյան հատվածով քարինտակցիներին օգնության հասան Շոշի, Սղնախի, Ավետարանոցի, Քռասնու, Սզնեքի, Կարմիր գյուղի և Աշոտ Բեկորի ջոկատները։

Այդ պահից սկսած, ադրբեջանցիները սկսեցին նահանջել, և երեկոյան ժամը վեցի սահմաններում ճակատամարտն ավարտված էր։ Ինքնապաշտպանության մասնակիցներից մեկը՝ այն ժամանակ 16-ամյա Երվանդ Աբրահամյանը, հիշում է՝ ճակատամարտի ընթացքում ադրբեջանցիներին միայն հաջողվեց ժամանակավոր գրավել «Գարաժ» կոչվող դիրքը։ Նրանք կրակ էին վառել և պարում էին դրա շուրջը, իրենց հաղթանակն էին տոնում։ Նրանք կտրել էին իրենց ձեռքն ընկած գյուղի պաշտպաններից մեկի ականջը, հանել սիրտը և պարում էին շուրջը։

Հունվարի 26-ին զոհվեց 22 մարդ, վիրավորվեց՝ 17-ը։

Վաղարշակ Առուշանյանը և Ալյոշա Վարդանյանը հետմահու պարգևատրվել են «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, Հենրիխ Ամիրջանյանը, Գարիկ Առաքելյանը և Վագիֆ Պետրոսյանը հետմահու պարգևատրվել են «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրվել են նաև Արթուր Առաքելյանը և Ալեքսանդր Աբրահամյանը, ովքեր այսօր էլ ապրում են հայրենի գյուղում և շենացնում այն։ Ավելի քան 90 քարինտակցիներ պարգևատրվել են «Շուշիի ազատագրման համար», «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով։

Քարին տակի հերոսամարտից մոտ 28 տարի անց՝ 2020 թվականի նոյեմբերի 4-ին, բավականին անհասկանալի պայմաններում ԵՐԵՔ ԿՈՂՄԻՑ ամուր պաշտպանված Քարին տակն ընկավ...