2015թ. Ապրիլի 24-ի նախաշեմին, տեղի ունեցավ պետականակերտ հիմնարար ձեռքբերումներն ինչ-որ իմաստով հանրագումարի բերող իրադարձություն` ընդունվեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը: Yerkir.am-ի նախկին խմբագիր Գայանե Մանուկյանը գրել է.
«Այն իր բովանդակությամբ, ընդունման ձեւով եւ սկզբունքներով կոչված էր պատմական նշանակություն ունենալ հայ ժողովրդի համար: Համընդգրկուն եւ հավասարակշռված նման փաստաթղթի ընդունումն ուներ ներազգային ու արտաքին քաղաքական մեծ ազդեցություն եւ եւս մեկ վկայությունն էր կայացած համահայկական միասնականության:
ա. աշխարհընկալման առումով` Հայ ժողովուրդը հանդես է գալիս իբրեւ պետականությունը վերստեղծած, հաղթող ժողովուրդների ընտանիքում, երկու աշխարհամարտերում հանուն քաղաքակրթության մեծագույն զոհեր տված եւ այնուհանդերձ սեփական գոյությունը զենքով պաշտպանած միավոր: Պայքարը շարունակելու նրա վճռականությունը հենված է միջազգային իրավունքի եւ համայն մարդկության դեմ կատարված հանցագործության պատժի անժամանցելիության հաստատման վրա:
բ. Քաղաքական նպատակների առումով` Հռչակագիրը հստակ կերպով ներկայացնում է Ցեղասպանության միջազգային ճանաչման համար մղվող պայքարի անքակտելի միասնությունը Պահանջատիրության հետ: Հայրենազրկումն իբրեւ Ցեղասպանության մեծագույն հետեւանքի ներկայացումն ու հատուցման համապարփակ թղթածրարի ձեւավորման գործընթացի ազդարարումն ինքնին կարեւորագույն ուղի են մատնանշում: Խիստ հատկանշական է, որ շեշտադրումը կատարվում է միջազգային կառույցներում, ժողովուրդների եւ պետությունների առաջ պատմական արդարությունը վերակագնելու իրավունքի հարցի արծարծման վրա: Սեւրի պայմանագրի եւ Վ.Վիլսոնի անժամանցելի իրավարար վճռի հիշատակումն, ունի մեծ քաղաքական նշանակություն: Այդպիսով ՀՀ-ն ստանում է անանց կիրառելի արժեք ունեցող իրավական լուծման հետապնդման հնարավորությունը:
գ. Ներհայկական միասնականության առումով` Հռչակագրում` հայ ժողովրդի վերածննդի, ազգային-հոգեւոր կյանքի վերընձյուղման, հայկական Սփյուռքի գոյացման, հայրենադարձության եւ պայքարով պետականությունը վերստեղծելու, Սարդարապատի եւ Արցախյան ազատամարտի հիշատակումները կոչ են համայն հայությանը` հպարտությամբ եւ վստահությամբ նայելու ապագային: Սա սեփական ուժերին ապավինելու եւ միասնականությունն իբրեւ զարգացման կռվան դիտելու սկզբունքի հռչակումն է ըստ էության: Հռչակագիրն ավարտվում է մեր ժողովրդի առջեւ ծառացած հիմնական նպատակների թվարկմամբ, ուր առկա են եւ ընթացիկ ռազմավարական նշանակության խնդիրները եւ մեր համազգային տեսլականին քայլ առ քայլ հասնելու վճռականությունը: