կարևոր
1831 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-25 21:08

ՀՀ նախագահը վերահաստատում է հայոց պահանջատիրությունը. 2005թ. մայիս, ԵԽ գագաթաժողով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եղել է և այսպիսի ժամանակ, երբ Հայաստանի ղեկավարը հպարտորեն երկիրը ներկայացնում էր միջազգային հարթակներում, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները՝ նույն Ալիեւն ու Էրդողանը, նույն սեղանի շուրջ նստած խելոք լսում էին Հայաստանի հստակ դիրքորոշումները։ Գրում է Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հրապարակելով Ռոբերտ Քոչարյանի ելույթի տեսանյութը

«Տեսանյութը ԵԽ պետությունների և կառավարությունների ղեկավարների երրորդ գագաթաժողովից է, որը տեղի է ունեցել 2005թ․ մայիսի 16-17-ին, Լեհաստանի մայրաքաղաքում։
Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը ելույթում անդրադառնում է եվրոպական ինտեգրացիային, ղարաբաղյան հակամարտությանը, որ Արցախը կատարել է իր ընտրությունը, անդրադառնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությանը։

Հիշեցնենք, որ գագաթաժողովը տեղի է ունեցել 2005 թ. մայիսին՝ Քոչարյան-Էրդողան հայտնի նամակագրությունից 20 օր անց։ Նամակից հետո եւս Ռոբերտ Քոչարյանը վերահաստատում է հայոց պահանջատիրությունը, արդեն դեմ առ դեմ»,- ամփոփում է պատգամավորը:

Հավելենք, որ Փաշինյանը երեկվա ասուլիսում հայտարարեց, թե Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը Սփյուռքի հարցն է, ու Հայ Դատն է դրանով զբաղվում, որով և, ըստ պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ձեռքերն ազատեց այս պարտականությունից ու դադարեց համահայկական առաքելության մաս կազմել: