կարևոր
2290 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-25 18:30

Երկու հազարից ավել հուշարձան մնացել է Արցախի օկուպացված տարածքներում

Երկու հազարից ավել հուշարձան մնացել է Արցախի օկուպացված տարածքներում

Արցախի Հանրապետության Մարտակերտի ու Ասկերանի շրջաններում հայտնաբերվել է շուրջ 200 նորահայտ հուշարձան, այդ թվում՝ խաչքարեր, տապանաքարեր ու եկեղեցի-մատուռներ, հայտնում են Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ից:

«2021 թվականը ծանր տարի էր նաև «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի համար: 2020 թվականի աշնանը Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով բռնազավթված տարածքներում է մնացել շուրջ 2000 հուշարձան, այդ թվում 5` «Տիգրանակերտ», «Տողի մելիքական ապարանքներ», «Տյաք» պատմամշակութային և «Հունոտի կիրճ», «Ազոխի քարանձավ» բնապատմական արգելոցները:

 2021 թվականին աշխատանքներ են տարվել պատմական, ճարտարապետական անշարժ հուշարձանների, պատմական միջավայրի, մշակութային այլ արժեքների պահպանման, հանրահոչակման և ուսումնասիրության ուղղությամբ, ինչպես նաև իրականացվել մշտադիտարկում և տեղեկությունների հավաքագրում բռնազավթված տարածքների հուշարձանների վիճակի վերաբերյալ:

 Հուշարձանների պահապանների կողմից իրականացվել են համապատասխան շրջայցեր, կազմակերպվել հուշարձանների տարածքի մաքրման, բարեկարգման աշխատանքներ: Այդ առումով ուշադրության կենտրոնում հատկապես եղել են զբոսաշրջային գրավչություն ունեցող և առավել շատ այցելվող հուշարձանները:

 Հաշվետու ժամանակահատվածում գործել է 4 շրջանային ծառայություն՝ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի:

Շրջանային ծառայության աշխատակիցների կողմից Մարտակերտի ու Ասկերանի շրջաններում հայտնաբերվել է շուրջ 200 նորահայտ հուշարձան, այդ թվում խաչքարեր, տապանաքարեր ու եկեղեցի-մատուռներ: Ոմանք արձանագիր, ոմանք էլ կարևոր տեղեկություններ պարունակող:

Ակտիվ աշխատանքներ են տարվել նաև հուշարձանների հանրահոչակման, ինչպես նաև ՊՈԱԿ-ի գործունեության լուսաբանման ուղղությամբ: Աշխատանքային տարվա ընթացքում համագործակցել ենք տարբեր ԶԼՄ-ների հետ, հանրությանը ներկայացնելու համար ՊՈԱԿ-ի գործունեությունը: Այս ժամանակահատվածում տարբեր նյութեր, հոդվածներ և հարցազրույցներ են հրապարակվել տարբեր լրատվամիջոցներում: ՊՈԱԿ-ի գործունեությունը լուսաբանելու, ինչպես նաև հուշարձանները հանրահռչակելու համար հիմնականում գործել է «Artsakh monuments» ֆեյսբուքյան էջը:

 Շարունակվել է համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմիների, հասարակական կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների հետ: Ծառայության աշխատակիցների կողմից պարբերաբար դասախոսություններ են անցկացվել դպրոցներում՝ նվիրված տարբեր հուշարձանների, դրանց պահպանության կարևորությանը և խնդիրներին: Բաց դասեր են կազմակերպվել Աղավնոյի և Մարտունու թիվ 2 միջնակարգ դպրոցներում: Էքսկուրսիաներ են կազմակերպվելԱղավնոյի, Կարմիր Շուկայի և Մաճկալաշենի դպրոցների որոշ դասարանների աշակերտների համար դեպի Ամարաս ու Հակոբավանք:

 2019թ. աշխատանքներ են տարվել հուշարձանների ուսումնասիրման ուղղությամբ», - մանրամասնել են ՊՈԱԿ-ից: