կարևոր
2176 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-25 18:09

Սրճեփն ավելի կարևոր է, քան Վարդենիսի համայնքապետարանի կնիքն ու բանալիները. փաստաբան

Սրճեփն ավելի կարևոր է, քան Վարդենիսի համայնքապետարանի կնիքն ու բանալիները. փաստաբան

Վարդենիս համայնքի ավագանու մաս կազմող «Ահարոն Խաչատրյան» դաշինքի շահերի ներկայացուցիչ Վարազդատ Հարությունյանը գրում է.

«Ոստիկանության աշխատելաոճից պարզ է դառնում, որ սրճեփն ավելի կարևոր է, քան Վարդենիսի համայնքապետարանի կնիքն ու ղեկավարի աշխատասենյակի բանալիները:

Առաջին դեպքում մի ամբողջ դիմակավորված խումբ են ուղարկում «կասկածյալին» բերման ենթարկելու ու Երևանից Մարտունի հասցնելու համար: Երկրորդ դեպքում, ոստիկանությունը առանց որևէ ավելորդ շտապողականության ընդամենը նամակներ է ուղարկում աշխատակազմի քարտուղարին:Դա այն դեպքում, երբ նախկին քաղաքապետը հայտարարում է, որ որոնվող իրերը հանձնել է քարտուղարին, իսկ վերջինս էլ գրավոր հերքում է այդ փաստը: 

Երկիր մանկապարտեզ կամ գժանոց, ոնց կուզեք մեկնաբանեք:

Հ.Գ. Երկու դեպքում էլ նույն Գեղարքունիքի մարզային վարչությունն է պատասխանատու ստորաբաժանումը»։

Հիշեցնենք, երեկ «Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը բերման էր ենթարկվել՝ Մարտունիում ամիսներ առաջ սրճեփի գործով: Նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով, իսկ անձնական խուզարկությամբ վերցված իրերի զննությունից հետո ազատ արձակվել։ 

Միաժամանակ Վարդենիսի նորընտիր ավագանին չի կարողանում լիարժեք սկսել իր աշխատանքները, քանի որ համայնքապետի ղեկավարի աշխատասենյակի բանալիները, կնիքը մինչ օրս չեն գտնվել:

Հիշեցնենք, որ ընդդիմադիրների միասնական թեկնածու Ահարոն Խաչատրյանը Վարդենիսի համայնքապետ է ընտրվել դեկտեմբերի 30-ին «Միասնական Վարդենիս» եւ «Ահարոն Խաչատրյան» դաշինքների կողմից՝ 14 քվեով։

Ավագանու ՔՊ-ական անդամները չեն մասնակցել քվեարկությանը, իսկ ավել ուշ հանդես են եկել առաջարկով՝ չեղարկել ընտրությունների արդյունքներն ու նոր ընտրություններ անցկացնել, ապա՝ դիմել վարչական դատարան՝ չեղարկելու դեկտեմբերի 30-ին կայացած՝ համայնքապետի ընտրությունների արդյունքները։

Այնուհանդերձ, 2022 թվականի հունվարի 4-ին Վարդենիսի համայնքապետարանի շենքի առաջ տեղի ունեցավ նորընտիր համայնքապետ Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը: