կարևոր
1564 դիտում, 4 ամիս առաջ - 2022-01-25 17:56

Ինչպես է աղճատվել Փաշինյանին ուղղված հարցը. լրատվամիջոցները շարունակում են բարձրաձայնել

Ինչպես է աղճատվել Փաշինյանին ուղղված հարցը. լրատվամիջոցները շարունակում են բարձրաձայնել

Նիկոլ Փաշինյանին գրավոր հարցեր ուղղած ԶԼՄ ներկայացուցիչները ֆեյսբուքյան ասուլիսից հետո ահազանգում են, որ իրենց հարցերը հնչել են խմբագրված ու աղավաղված։ Ավելի վաղ ներկայացրել էինք Ա1 պլյուսի և Սիվիլնեթի արձանագրումները: Ի լրումն, խնդրի մասին գրում է Factor TV-ն

«Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 25-ի առցանց ասուլիսում Factor TV-ի հարցը հնչեցվել է ակնհայտ կրճատումներով, ինչը բերել է հարցի կոնտեքստի աղճատման և իմաստի աղավաղման։ Սա այն դեպքում, երբ հատուկ նշումով Facor TV-ն վարչապետի աշխատակազմին խնդրել էր՝ «Քանի որ ասուլիսի այսպիսի ֆորմատը մի շարք անհարմարություններ է ստեղծում, ակնկալում ենք, որ մեր հարցը կհնչեցվի նույնությամբ՝ ենթահարցերով, առանց կրճատումների»։

Factor TV-ի հարցը՝ ուղղարկված Կառավարության էլեկտրոնային հասցեին, ձևակերպված էր այսպես․ «Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգություններից հետո աջակցության մեր գրավոր և բանավոր դիմումները մերժած ՀԱՊԿ-ն աշխատացրեց իր մեխանիզմները Ղազախստանում։

-Արդյոք Հայաստանը չէ՞ր կարող չմասնակցել այդ գործընթացին՝ մատնանշելով այն փաստը, որ մե՛ր երկրի անվտանգությունն է այսօր խաթարված․ ադրբեջանական ԶՈՒ-ն օկուպացրել է Հայաստանի տարածքը, պարբերաբար դիմում է սադրանքների, և քանի որ ՀԱՊԿ-ն մեզ աջակցություն չի ցուցաբերում, ՀՀ ԶՈՒ-ն նախ և առաջ պետք է ապահովի մե՛ր սահմանների անվտանգությունը։

-Ինչո՞ւ ՀՀ իշխանությունն այս փաստարկը չօգտագործեց՝ այդպիսով ոչ միայն զերծ մնալով առաջիկայում ռուս-ուկրաինական հնարավոր պատերազմում ներքաշվելուց, այլև երկրի ժողովրդավարական իմիջին հարված հասցնելուց։

-Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր պատերազմի դեպքում, եթե Ռուսաստանը դիմի ՀԱՊԿ-ին՝ ռազմական աջակցության խնդրանքով, արդյոք Հայաստանը կներգրավվի՞ պատերազմում Ռուսաստանի կողմից՝ Ուկրաինայի դեմ։

-Եվ վերջինը․ ղազախական նախադեպից ելնելով՝ ապագայում Հայաստանի որևէ իշխանություն կարող է նույնպիսի հիմնավորումներով ճնշել երկրում ներքաղաքական ընդվզումները՝ ներգրավելով ՀԱՊԿ-ի ուժերին։

Կարո՞ղ եք այսօր հստակ երաշխավորել, որ Դուք այդպիսի քայլի չեք գնա՝ երկրում Ձեզ համար անցանկալի ընդդիմադիր գործընթացները ճնշելու նպատակով»։

Այսպիսով, Factor TV-ի հարցի մի զգալի հատված չի հնչեցվել, և սկզբի ու վերջնամասի միավորմամբ՝ ներկայացվել է աղճատված հարցադրում»,- եզրահանգում է լրատվամիջոցը և հավելում, որ նախորդ առցանց ասուլիսում ևս իր հարցի մի մասը կրճատվել էր, ինչի մասին ևս բարձրաձայնել էին։