կարևոր
2344 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-25 17:44

Մանրամասներ՝ Կարմիր շուկայում տեղի ունեցած միջադեպից

Մանրամասներ՝ Կարմիր շուկայում տեղի ունեցած միջադեպից

Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի բնակիչները երեկ որոշ ժամանակով փակել են գլխավոր ճանապարհը՝ ադրբեջանցիների ավտոմեքենաների շարասյունը կանգնեցնելու նպատակով։ Նշվում է, որ այս ակցիան կազմակերպել են գյուղի երիտասարդները։ 

«Ապառաժ»-ի հետ զրույցում Կարմիր շուկայի բնակիչներից մեկը, ով չի ցանկացել իր անունը նշել, տեղեկացրել է, որ ճանապարհն իրոք փակել են, սակայն ռուս խաղաղապահները, զենքերը ճանապարհը փակած երիտասարդների վրա ուղղելով, ստիպել են կարճ ժամանակում բացել ճանապարհը: Մարտունու վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը չի հաստատել տարածված լուրերը՝ նշելով, որ նման տեղեկություն չունի: «Ոչ մի ճանապարհ չի փակվել: Այդպիսի տեղեկություն չունեմ»,- ասել է Է. Ավանեսյանը: 

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Factor.am-ին հայտնել է, որ բնակիչներն այդկերպ իրենց վրդովմունքն են արտահայտել ադրբեջանական կողմից հնչող կրակոցներին։ ՄԻՊ-ը տեղեկացրեց, որ խնդիրները հարթվել են, բնակիչները բացել են ճանապարհը, սակայն, գատղնիք չէ, որ ադրբեջանական կողմը պարբերաբար է կրակում Կարմիր Շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ: Երեկ ևս Կարմիր շուկայի ուղղությամբ կրակոցներ են հնչել։

«Հարակից ադրբեջանական դիրքրերից թեկուզ ահաբեկման և վախի մթնոլորտ ձևավորելու համար պարբերաբար կրակոցներ են հնչում։ Ադրբեջանական կողմը հիմնականում օդ կրակոցներ է արձակում, մեկ տարուց ավելի է՝ այդ իրավիճակում ենք։ Ադրբեջանական կողմի այդ գործողությունները համայնքի բնակչությանը վախեցնելու և ահաբեկելու նպատակ են հետապնդում։ Նման կրակոցներ պարբերաբար տեղի են ունենում ոչ միայն Կարմիր Շուկա-Թաղավարդ գյուղերի ուղղությումբ, այլև՝ սահմանային դարձած համայքների մերձակայքում»,- մեկնաբանել է Արցախի ՄԻՊ-ը։

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտնել է, որ բնակիչները պահանջել են, որ ադրբեջանցիները տիրոջ իրավունքով չօգտագործեն ճանապարհը, այլ նախապես զգուշացնեն, համաձայնության գան՝ նոր անցնեն այդ ճանապարհով:

«Մերոնք իրենց պահանջները ադրբեջանցիներին փոխանցել են ռուս խաղաղապահների միջոցով, այնուհետև՝ բանակցություններից հետո, բացել են ճանապարհը, որ ադրբեջանցիները չեն արձագանքել դեռևս արցախցիների պահանջին: Մյուս անցնելուց կտեսնենք, նախապես տեղյակ կպահե՞ն, և արդեն հասկանալի կլինի՝ ընդունվե՞լ են հայկական կողմի պահանջները»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է պատգամավորը: Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ բնակիչների համբերությունն արդեն հատել է, փորձում են ինքնակազմակերպվել և այդ կերպ ապահովել իրենց սեփական անվտանգությունը.

Հիշեցնենք՝ հունվարի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթ էին բացել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ: Համայնքային գործող մանկապարտեզի հարևանությամբ այրվել էր կայանված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան։