20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Հունվարի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանի Պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին՝ առաջնորդությամբ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ. Մակար վարդապետ Հակոբյանի: Հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Խորհրդի ներկայացուցիչները Նորին Սրբությանը ներկայացրեցին կալանքի մեջ գտնվող Աշոտ Մինասյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման իրավական գործընթացների մանրամասները՝ մտահոգություն արտահայտելով նրա առողջական վիճակի և կալանքի մեջ գտնվելու անհամատեղելիության առնչությամբ:
Նորին Սրբությունը, բարձր գնահատանքով անդրադառնալով Մինասյանի հայրենանվեր ու եկեղեցասեր գործունեությանը, միաժամանակ արձանագրեց, որ Եկեղեցին զերծ է մնում իրավական գործընթացներին միջամտություններից։ Մայր Աթոռի սպասումն է, որ դատավարական գործընթացները իրականացվեն անաչառության ու բազմակողմանիության սկզբունքներով և նկատի առնվի նրա առողջական վիճակը: Վեհափառը գնահատանք է հայտնել Պաշտպանության խորհրդին իրենց մարդասիրական նախաձեռնության համար։
Հանդիպմանը Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձ է կատարել երկրի առջև ծառացած մարտահրավերներին և տիրող իրավիճակին՝ աղոթելով, որ Տիրոջ օրհնությամբ ու համազգային ջանքերով հաղթահարվեն մեր ժողովրդին հուզող խնդիրները։
Հայտնենք, որ «Սիսական» ջոկատի հրամանատար, ռազմական գործիչ, գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակակիր Աշոտ Մինասյանը մասնակցել է արցախյան երեք պատերազմին և իր անգնահատելի ավանդն է ունեցել Հայրենիքի ազատագրման և պաշտպանության գործում: 1989-1994 թվականներին «Սիսական» ջոկատը մասնակցել է ՀՀ Արարատի, Վայքի, Եղեգնաձորի, Սիսիանի, Մեղրիի, Կապանի, Գորիսի և Արցախի Հանրապետության Քաշաթաղի, Մարտակերտի, Քարվաճառի, Սաասարի, Կովսականի, Վարանդայի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
Նշենք, որ Աշոտ Միանսյանը այժմ կալանավորված է և կալանքի տակ է պահվում առանց հիմքերի։ 2021թ.-ի դեկտեմբերի 30-ին Մինասյանի պաշտպանները խափանման միջոց կալանքը փոխելու կամ վերացնելու առնչությամբ միջնորդություն էին ներկայացրել, ինչպես նաև քրեական հետապնդումը չդադարեցնելու բողոք էին ներկայացրել դատախազություն, սակայն դատարանը մերժել էր։
Այժմ Աշոտ Մինասյանը մեղադրվում է միայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Իսկ ՀՀ վարչապետի սպանության և իշխանության յուրացման նախապատրաստման դրվագներով, իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է։