կարևոր
1447 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-25 14:53

Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս. դատը հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս. դատը հետաձգվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, Քոչարյանը՝ որպես կոնտակտավոր, կորոնավիրուսի թեստ է հանձնել և չի ներկայացել այսօրվա դատական նիստին։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր հետաձգվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Նիստին չեն ներկայացել ո՛չ Քոչարյանը, ո՛չ Գեւորգյանը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ Քոչարյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը կլինի այսօր երեկոյան։ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ, իր հերթին, տեղեկացրեց, որ Գևորգյանը հեռավար կարգով մասնակցում է ԵԽԽՎ լիագումար նիստին։ Պաշտպանը նաև հիշեցրեց, որ հունվարի 24-28-ը Ստրասբուրգում նախատեսված նիստի մասին դատարանին նախապես տեղեկացրել են։

«Մեզ համար անհասկանալի է, թե ինչու է դատարանը, նախորդ նիստից տեղյակ լինելով, որ պարոն Գևորգյանը պետք է մասնակցի ԵԽԽՎ լիագումար նիստին, այսօր դատական նիստ նշանակել»,- նշեց պաշտպանը։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 1-ին, ժամը՝ 13.00-ին։