16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը ևս երկու դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան: Այս մասին հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Ցանկանում եմ տեղեկացնել այս ժամանակահատվածում իրականացված որոշ գործողությունների մասին.
1) Մեր կողմից ներկայացվել է ևս երկու դիմում Սահմանադրական դատարան: Առաջինը վերաբերում է քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածին՝ կալաանվորման ինստիտուտին, հիմնավոր կասկած հայտնի ձևակերպման որոշակիության խնդրին, ապացուցման շեմին, ԲԴԽ-ի կողմից դրա մեկնաբանման հանգամանքին: Նույն դիմումով վիճարկել ենք նաև կալանավորման հիմքերի վերացարկման անթույլատրելիության հարցը: Նշվածը կարող է նպաստել կալանավորման անընդունելի կիրառման պրակտիկայի զսպմանը:
Երկրորդ դիմումը վերաբերում է հենց ԶԼՄ ոլորտին: Վիճարկել ենք «Գնումների մասին» օրենքի հայտնի ձևակերպումը համաձայն որի Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի և Վարչապետի ի թիվս այլ ծախսերի արարողակարգային, կեցության, սննդի ծախսերը համարվում են պետական գաղտնիք: Նշված կարգավորումը և դրա կիրառումը հատկապես վերջերս ապացուցում են, որ թվարկված պաշտոնատար անձինք դուրս են մնում հանրային վերահսկողությունից, ինչն անընդունելի է ժողովրդավարական հասարակությունում:
2) Մշակվել են մի քանի օրենսդրական նախաձեռնություններ, որոնցից ուզում եմ հատկապես նշել ցանկացած մեքենա վարողի համար հայտնի «բալային համակարգի» տուգանային միավորների վերացման նախագիծը: Վիաճակագրական տվյալները հիմնավորում են, որ նշված կարգավորումը դրական ազդեցություն ճանապարհային անվտանգության ոլորտում չեն ունեցել: Ավելին՝ 2021 թվականի ընթացքում կայացվել են տուգանային միավոր նախատեսող 173189 որոշում: Այո հենց՝ 173189 որոշում:
3) ՊՇՌ թեստերի ծախսերի մասով ևս մեկ անգամ ուզում եմ բառացի մեջբերում կատարել ՍԴ որոշումից, որը մինչ օրս չի կատարվում Կառավարության կողմից. «համավարակի պայմաններում Հայաստանի Հանրապետությունում առաջացած իրավիճակը ենթադրում է կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը նաև հանրային աջակցություն՝ սոցիալական համերաշխության օրակարգով»:
Որևէ ՍԴ պահանջած հանրային աջակցություն մինչ օրս հակասահմանադրական եղանակով չի իրականացվում, այդ թվում՝ անտեսելով նվազագույն աշխատավարձի չափը և ՊՇՌ թեստերի անհամաչափ բեռը: Այս մասով մեր հայրենակիցներին հավելյալ տեղեկություն եմ տրամադրելու առաջիկայում»,- ամփոփում է պատգամավորը: