կարևոր
985 դիտում, 4 ամիս առաջ - 2022-01-25 11:53

Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը մնացել է անփոփոխ

Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը մնացել է անփոփոխ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլը» հրապարակել է Կոռուպցիայի ընկալման համաթվի 2021թ-ի արդյունքները։ Ըստ այդմ, Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը 2021-ին նախորդ տարվա համեմատ մնացել է անփոփոխ՝ 49 միավոր, իսկ ստանդարտ սխալի չափը հավասար է 3.76-ի (2020-ին այն հավասար էր 3.50-ի): Ինչպես և անցյալ տարի, Հայաստանի գրանցած արդյունքն ավելի բարձր է ԿԸՀ համաշխարհային միջինից, որը հավասար է 43-ի։

2021թ․-ի ԿԸՀ-ի Հայաստանի հաշվարկի համար օգտագործված տվյալների աղբյուրների մասին տե՛ս սույն փաթեթի «2021 թ. Կոռուպցիայի ընկալման համաթիվը հաշվարկելու համար օգտագործված աղբյուրները» նյութը։ Հարկ է նշել, որ Հայաստանի ԿԸՀ-ն հաշվարկելու համար օգտագործվել են այն նույն աղբյուրները, ինչ նախորդ՝ 2020 թվականին.

Բերթելսմանի  հիմնադրամի 2022 թ. տրանսֆորմացիոն համաթիվը (BF (TI)), Ֆրիդոմ Հաուսի Անցումային փուլում գտնվող պետություններ 2021թ. զեկույցի Կոռուպցիա ենթահամաթիվը (FH), Գլոբալ Ինսայթի Երկրի ռիսկայնության 2020թ. վարկանիշը (GI), Փոլիթիքլ Ռիսքս Սերվիսիզ Ինթերնեշնլի Երկրի ռիսկայնության 2021թ. Ուղեցույցը (PRS), Ժողովրդավարության բազմազանության ծրագրի 2021 թ-ի հրապարակումը (VDEM) և Համաշխարհային տնտեսական ֆորումի Ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքի ամենամյա հարցման 2020թ. հրապարակումը (WEF): 

180 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման 2021 թ. աղյուսակում Հայաստանը Հորդանանի, Հունաստանի և Նամիբիայի հետ կիսում է 58-ից 61-րդ տեղերը (2020 թ.-ին Հայատանը նույնքան միավորով 180 երկրների շարքում կիսում էր 60-ից 62-րդ տեղերը):

Թրանսփարենսի Ինթերնեշնլի տարածաշրջանային բաժանմամբ՝ Հայաստանը, ինչպես և նախկինում, ներառված է Արևելյան Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանի մեջ: 

Տարածաշրջանի19 երկրի շարքում Հայաստանը, ինչպես նախորդ տարի, զբաղեցնում է 2-րդ տեղը: Այս տարածաշրջանում Հայաստանը, զիջում է իր հարևան Վրաստանին, որի ԿԸՀ 2021թ. արժեքն է 55 (համաշխարհային դասակարգման աղյուսակում կիսում է 45-ից 48-րդ տեղերը):

Նախորդ տարվա պես՝ Հայաստանը, բացի Վրաստանից, առաջ է իր մյուս երեք հարևանից՝ Թուրքիայից (38 միավոր` 96-ից 101-րդ տեղեր), Ադրբեջանից (30 միավոր` 128-ից135-րդ տեղեր) և Իրանից (25 միավոր` 150-ից 153-րդ տեղեր): 

Ինչպես և 2020 թվականին, ԵԱՏՄ անդամ մյուս բոլոր երկրների ԿԸՀ արժեքները շարունակում են ցածր մնալ Հայաստանի ԿԸՀ արժեքից: Մասնավորապես՝ Բելառուսի 2021 թ. ԿԸՀ արժեքը 41 միավոր է (82-ից 84-րդ տեղեր), Ռուսաստանինը՝ 29 (136-ից 139-րդ տեղեր), Ղրղզստանինը՝ 27 (144-ից 146-րդ տեղեր), իսկ Ղազախստանինը` 37 միավոր (102-ից 104-րդ տեղեր): Գծապատկեր 3-ում բերված են Հայաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների ԿԸՀ 2012-2019 թթ. արժեքները: