Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է՝
Դավիթ Տոնոյանը ցանկանում է հրապարակային ձևով երախտագիտություն հայտնել դատարանի բակում իրեն սատարողներին և դատարանում անձնական երաշխավորությամբ հանդես եկած անձանց: Դավիթ Տոնոյանը դատարանի փոխարեն ներողություն է խնդրում վերջիններից, քանի որ իրենց երաշխավորությունը «չի կարող անհրաժեշտ և բավարար սոցիալ-հոգեբանական և զսպիչ գործոն հանդիսանալ իր հնարավոր ոչ իրավաչափ վարքագծի սահմանափակման տեսանկյունից»»:
Հավելենք, որ երեկ կայացած նիստում դատարանը մերժեց Տոնոյանի և գործով անցնող մյուս մեղադրյալների պաշտպանների միջնորդությունը խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը կշարունակեն մնալ կալանավորված, իսկ գործով անցնող Արտյոմ Համբարյանը 5 մլն գրավի դիմաց ազատ կարձակվի։
Նախկին նախարարի համար երաշխավորել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Վիլեն Գաբրիելյանը եւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։
Բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրվում են բանակին 4 միլիոն դոլարի անպիտան հրթիռներ գնելու գործով։ Ըստ ԱԱԾ-ի՝ նշված ռազմաթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով։