կարևոր
2287 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-24 19:03

Հանձնաժողովը քննարկել է ընդդիմադիր խմբակցությունների առաջադրած թեկնածուի հարցը

Հանձնաժողովը քննարկել է ընդդիմադիր խմբակցությունների առաջադրած թեկնածուի հարցը

Հունվարի 24-ին Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի թեկնածությունը։ Այս թեկնածությունը պաշտպանել է նաեւ «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցությունը։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հանձնաժողովին ներկայացրել է Հակոբյանի կենսագրությունն ու աշխատանքային անցած ուղին: Նշվել է, որ Ռուբիկ Հակոբյանը հիմնադրել եւ ղեկավարել է ՀՀ Գերագույն խորհրդի մամլո ծառայությունը, հեղինակել եւ վարել է մի շարք հեռուստածրագրեր:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունն առաջադրելիս կարեւորել են մասնագիտական առանձնահատկությունը` նշելով, որ այս հանգամանքը կօգնի արդյունավետ իրականացնել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի գործունեությունը:

Ռուբիկ Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի աշխատանքների, հանձնաժողովի անդամներին տրված վերահսկողական լծակների, լիազորությունների, գործիքակազմի վեաբերյալ իր տեսլականը, անդրադարձել  նաեւ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրարկելիությանը վերաբերող որոշ դրույթների:

Հանձնաժողովի նիստը կշարունակվի վաղը՝ հունվարի 25-ին:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցությունները մինչ այդ մեկ այլ թեկնածուի էին առաջարկել՝ Մանվել Բադալյանին, սակայն նրա թեկնածությանը դեմ էին արտահայտվել «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության պատգամավորները։

Իսկ հունվարի 21-ին Ազգային ժողովում կայացած գաղտնի քվեարկությամբ 68 կողմ ձայնով Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներ ընտրվեցին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածուներ Հակոբ Հակոբյանն (Հակոբ Մովսեսը) ու Արթուր Մանուկյանը։ 

«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները չէին մասնակցում քվեարկությանը։