ՀՀ Ազգային ժողովն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ընտրեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածու Քրիստիննե Գրիգորյանին։ ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 68 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել: «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը:
Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո Մարդու իրավունքների նոր պաշտպանը մոտեցավ խորհրդարանի ամբիոնին եւ երդում տվեց: Նոր պաշտոնը նա կստանձնի փետրվարի 23-ից հետո, երբ կլրանա գործող պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը։ Արման Թաթոյանը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում է 2016թ.-ից։ ՄԻՊ-ն ընտրվում է ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5 -ով՝ 6 տարի ժամկետով։
Քրիստինե Գրիգորյանը ՄԻՊ է ընտրվել ևս 6 տարի ժամկետով։ Մարդու իրավունքների պաշտպանի վրա տարածվում է պատգամավորի համար սահմանված անձեռնմխելիության իրավունքը և անհամատեղելիության պահանջները: ՀՀ ՄԻՊ ինստիտուտի գոյության ընթացքում սա երկրորդ անգամ է, որ այդ պաշտոնը կին է զբաղեցնելու։ Առաջինը եղել է Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը (2004-2006 թթ)։
Քրիստինե Գրիգորյանը 41 տարեկան է, ունի երկու բարձրագույն կրթություն` իրավագիտություն և արևելագիտություն մասնագիտությամբ: Հիմնականում աշխատել է պետական մարմիններում՝ ԱԺ աշխատակազմ, ՀՀ արդարադատության նախարարություն, առաջին փոխվարչապետի աշխատակազմ: 2014-15թթ-ին նա աշխատել է ԱՄՆ ՄԶԾ «Աջակցություն Հայաստանի ԱԺ-ի ինստիտուցիոնալ կարողությունների ծրագրում: Իսկ 2021թ-ի ապրիլից Քրիստինե Գրիգորյանը զբաղեցնում էր արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը: